1345 դիտում
11:02 02-06-2014
«Ուղեցույց երիտասարդ դեսպանին» ձեռնարկը կներկայացնի ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ
«Երիտասարդ առաջնորդների դպրոց» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» ձեռնարկի ստեղծման աշխատանքները։ Այն անդրադառնալու է Հայոց ցեղասպանության խնդրին և համապարփակ, ամփոփ տեսքով ներկայացնելու է ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ։
«Ուղեցույց երիտասարդ դեսպանին» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահ գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանը նկատում է, որ նման ուղեցույցի ստեղծման անհրաժեշտությունը մեծ էր, քանի որ թե′ իր անձնական փորձի, թե′ բազմաթիվ երիտասարդների հետ շփումների արդյունքում պարզվել է, որ հայ երիտասարդները, հատկապես նրանք, ովքեր հանդիպումներ են ունենում արտասահմանում երիտասարդական տարբեր համաժողովների շրջանակներում, Հայոց ցեղասպանության մասին քիչ բան գիտեն։ «Միշտ դժվարություններ են ունենում շփվելու թուրք երիտասարդների հետ, հակադարձելու նրանց մեղադրանքներին։ Եվ միշտ դժվարացել ենք գտնել ՀՀ պաշտոնական դիրքորոշում ներկայացնող համապարփակ մի ձեռնարկ Հայոց ցեղասպանության հարցում»,- նշում է Արտակ Շաքարյանը։
Թուրքագետը նաև տեղեկացնում է, որ թուրք և ադրբեջանցի երիտասարդներն ավելի պատրաստված են գալիս միջազգային կոնֆերանսների։ Կա նրանց մի խումբ, որ միջազգային համաժողովներից առաջ պարտադիր այցելում է համապատասխան մարմիններին, և պատկան կառույցներն ուղղորդում են, թե հայերի հետ հանդիպելիս ինչ հարցեր տան, ինչպես հակադարձեն հայերի կոտորածների մասին պատմություններին։
Իսկ ի՞նչն է պատճառը, որ նման պատրաստություն չեն ստանում հայ երիտասարդները։ Ըստ Արտակ Շաքարյանի՝ արդար կողմը միշտ հույսը դնում է իներցիայի վրա. «Արդար կողմը, որպես կանոն, չի փորձում ապացուցել իր ճշմարտացիությունը։ Ուստի տրամաբանական է, որ հայկական կողմը հատուկ քարոզչական կերպով չի մոտեցել այդ հարցին մինչ այսօր։ Սակայն ինֆորմացիան մեր օրերում շատ կարևոր դեր ունի։ Ինֆորմացիոն պատերազմները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան այլ ոլորտներում տարիների աշխատանքը»։
Արտակ Շաքարյանը տեղեկացնում է, որ իրենց կողմից կազմվել է Հայոց ցեղասպանության պատմության, արտաքին հարաբերությունների մասնագետների, հիմնականում դոկտոր-պրոֆեսորների 30 հոգանոց ցանկ, որոնց հետ անցկացվում են հարցազրույցներ Մեծ եղեռնի վերաբերյալ։ Հետագայում այդ 30 հարցազրույցները միասնական տեսքի կբերվեն և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի, արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կտպագրվեն ուղեցույցի տեսքով։ Այն լինելու է երկլեզու՝ հայերեն և անգլերեն։ Ձեռնարկում կարճ ու հստակ կներկայացվեն Հայոց ցեղասպանության, նաև Արցախյան հերոսամարտի հանգուցային դեպքերն ու կարևոր մանրամասները՝ նվազագույնի հասցնելով հակափաստարկների հնարավորությունը:
Թուրքագետը նշում է, որ «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» ծրագիրը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող ծրագրերի շրջանակներում է. «Նախ ինքներս պետք է շատ լավ ճանաչենք Ցեղասպանության պատմությունը, վեր կանգնենք միայն ապրիլ 24-ին տեսած հոլովակներից, ֆիլմերից և դպրոցական դասագրքերում մեկէջանոց պատմական ակնարկից։ Հայոց ցեղասպանությունը միայն ապրիլի 24-ին չի տեղի ունեցել։ Այն մի քանի տարիներ տևած գործընթաց է, որի մասին շատերը չգիտեն։ Մյուս կողմից պետք է աշխատանքներ տարվեն թուրք երիտասարդների հետ, որպեսզի թուրք հասարակության մեջ կարողանանք տարածել Հայոց ցեղասպանության ճանաչման սերմերը»։
Հիշեցնենք, որ 2014թ. 1-ին կիսամյակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից իրականացված դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել 34 հասարակական կազմակերպություն. 13-ը ծխելու դեմ պայքարին ուղղված, 4-ը՝ վերարտադրողական առողջությանը վերաբերող, 8-ը՝ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող, 4-ը՝ մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 5-ը՝ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում։
Նմանատիպ նյութեր
777 դիտում
18:20 17-12-2014
«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գիրքը` ընթերցողի սեղանին
1757 դիտում
20:57 18-02-2015
Լույս է տեսել «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկը
Այս բաժնից
670 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
646 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
526 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել