211652_close_icon
views-count1042 դիտում article-date 15:15 30-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Մինսկում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Հովիկ Աբրահամյանը և Միխայիլ Մյասնիկովիչը գոհունակություն են հայտնել երկկողմ պայմանավորվածությունների կատարման արդյունքներից: Զրուցակիցները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել առևտրաշրջանառության ծավալի հետագա ավելացումը` առկա մեծ ներուժի լիարժեք իրացմամբ: Վարչապետներ Աբրահամյանը և Մյասնիկովիչն անդրադարձել են Բելառուսից Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման, Հայաստանից Բելառուս գյուղմթերքի արտահանման և առհասարակ տարբեր ոլորտներում` ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացման հարցերի: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ և գոհունակություն հայտնել այդ գործընթացի զարգացումից: Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ Բելառուսն աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Նմանատիպ նյութեր