Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ. տեսանյութ
0-5 տարեկան հայ երեխաների 19 տոկոսը թերաճություն ունի` չնայած քաղցած չի մնում, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է գերաճ` չնայած այդ երեխաները շատակերներ չեն: Սրանք Առողջապահության նախարարության 5 տարին մեկ արվող ազգային հետազոտության վերջին տվյալներն են: Հարցն այն է, որ երեխաները ճիշտ չեն սնվում. ուտում են շատ կամ քիչ, բայց ոչ օգտակար սննդամթերք, ինչն էլ խախտում է նյութափոխանակությունը:
Սխալ սնուցման կրկնակի բեռին եւ հայաստանյան իրավիճակին նվիրված երկօրյա համաժողովն ամփոփում են հայ եւ ամերիկացի մասնագետները` Կոլումբիայի համալսարանից:
Նշվում է, որ քրոնիկ թերսնումը մինչեւ 5 տարեկան երեխաների 20 տոկոսի մոտ ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ է առաջացնում: Սպիտակուցային սննդի պակասից առաջ է գալիս նաեւ սակավարյունություն, ինչը նույնպես Հայաստանում տարածված խնդիր է: Թերաճի բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես Սյունիքի մարզում` 36 տոկոս:
Կալիֆոռնիայից եկած մասնագետները հիացած են հայկական խոհանոցով, բայց հորդորում են հայ ծնողներին առանձնակի ուշադրություն դարձնել երեխաների ճիշտ սննդակարգին, որովհետեւ առաջացող խնդիրները երբեմն կարող են անդառնալի լինել:
Առողջապահության նախարարությունը պլանավորում է կառավարության հաստատմանը ներկայացնել երեխաների ճիշտ սնուցման ազգային ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28643]armnewstv.am[/url]