211652_close_icon

ՀՀ առողջապահության նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում

views-count1473 դիտում article-date 15:02 27-05-2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում: Նախարարը ծանոթացավ հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը: Բժշկական կենտրոնում նա ծանոթացավ սիրիահայ բժիշկ, մանկաբույժ Վարանդ Կիրակոսյանի հետ, ով արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Սպիտակում: Արմեն Մուրադյանը նաև այցելեց հիվանդներին, հետաքրքրվեց նրանց վիճակով և բուժման ընթացքով։ Վանաձորում առողջապահության նախարարը խորհրդակցություն անցկացրեց մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ: Նա ներկաներին հորդորեց անկաշկանդ բարձրաձայնել առկա խնդիրներն ու մտահոգությունները: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ իր առաջին պահանջը բժշկական ծառայությունների որակի, այդ թվում` անվտանգության ապահովումն է։ Նշեց, որ դրա համար պատասխանատու են բուժհիմնարկների ղեկավարները։ «Առողջության առաջնային պահպանումը կառավարության գերակա ուղղություններից է, հետևաբար մեզ համար պոլիկլինիկական յուրաքանչյուր խնդրի լուծում կարևոր է։ Հուլիսի 1-ից այս օղակում աշխատավարձներն էականորեն կբարձրանան։ Սակայն դա միաժամանակ ենթադրում է նոր մոտեցումներ և ավելի որակյալ աշխատանք։ Պոլիկլինիկայի բժիշկը պետք է ձգտի իր կողմից սպասարկվող բնակչությանն առողջ պահել և հիվանդությունները վաղ հայտնաբերել»,- ընդգծեց նախարարը։ Կարևորելով առողջ ապրելակերպը` նա առաջնային օղակի բժիշկներին հորդորեց հետամուտ լինել, որպեսզի մարդիկ գոնե տարին մեկ անգամ այցելեն պոլիկլինիկա, ինչը հնարավորություն կտա ժամանակին ախտորոշել սրտանոթային կամ ուռուցքային հիվանդությունները, որոնք մահացության մեծ տոկոս են կազմում: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև առողջությունը վտանգող գործոններից խուսափելու վերաբերյալ բնակչության գիտակցության և իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը։ Միաժամանակ նշեց, որ բժշկի աշխատանքի որակի ցուցանիշը բնակչության գոհունակությունն է: Նախարարի ուշադրությունից դուրս չմնաց նաև կադրերի համալրման խնդիրը: Նա առաջարկեց առաջնահերթ կատարել կարիքների ճշգրիտ գնահատում։ «Նախարարությունը կփորձի մասնագետներով ապահովել, իսկ մարզը` գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի Երևանի բժշկական համալսարանում ուսում ստացող մասնագետները ցանկություն ունենան վերադառնալու և ծննդավայրում աշխատելու»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Այնուհետև նախարարը եղավ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, որն իրականացնում է մարզի հոգեկան խնդիրներ ունեցող շուրջ 4500 բնակչի դիսպանսեր հսկողություն, իսկ ծավալված 30 մահճակալը բավարարում է, ըստ անհրաժեշտության, նրանց հիվանդանոցային բուժումը կազմակերպելու համար: 1960 թվականին կառուցված շենքում թեև պայմանները բարվոք չէին, սակայն նկատելի էր ղեկավարի սրտացավ ու պատասխանատու վերաբերմունքը, ինչի առթիվ Արմեն Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց: Առողջապահության նախարարի հաջորդ շրջայցը Վանաձորի բժշկական կենտրոնում էր։ Արմեն Մուրադյանը ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին, հագեցածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին։ Նա շրջեց վիրաբուժական և «Սուրբ Նարեկ» մանկական բաժանմունքերում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով ու բուժման ընթացքով: Նախարարն իր մտահոգությունը հայտնեց այն առթիվ, որ մանկական վերակենդանացման բաժանմունքը ստեղծման օրվանից չի գործում հիմնականում մասնագետների պակասի պատճառով և համապատասխան հանձնարարականներ տվեց։

Նմանատիպ նյութեր