211652_close_icon
views-count1594 դիտում article-date 11:02 27-05-2014

Սահմանամերձ Գետաշեն համայնքի աշակերտների համար կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նվիրված դասընթաց

Մայիսի 26-ին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը, մեծ ողբերգության ճանաչման գործընթացին նվիրված դասընթաց։ «Ազգային թեմաների կարևորությունն ու արդիականությունը դպրոցներում» խորագրով ծրագիրն իրականացնում է «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Դպրոցի ավագ դասարանների աշակերտների համար դասախոսություն կարդաց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը։ Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի կողմից ծրագրված քաղաքականություն, որն Օսմանյան կայսրությունը և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունն իրականացրին հայ ժողովրդի դեմ։ Պատմաբանը մոլորություն անվանեց այն տեսակետը, թե Հայոց ցեղասպանությունը սկսել է իրականացվել 1915 թվականից։ «Մենք չպետք է կտրված դիտենք աբդուլհամիդյան, Ադանայի կոտորածները և Կիլիկիայի հայության դեմ ուղղված հանցագործություններն Առաջին աշխարհամարտին սկիզբ առած գործընթացներից։ Հայոց ցեղասպանությունը՝ որպես մեր ժողովրդի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն, սկսվել է դեռևս 1890-ական թվականներին, մասնավորապես, 1891թ., երբ Աբդուլ Համիդի որոշմամբ ստեղծվեցին չարաբաստիկ համիդյան ջոկատները, որոնք էլ դարձան գլխավոր հարվածային ուժը, և դրանով փորձեցին առաջին լուրջ հարվածը հասցնել արևմտահայությանը»։ Արմեն Մարուքյանը ներկայացրեց Ցեղասպանության 4 փուլերը՝ հայ տղամարդկանց զորակոչն օսմանյան բանակ և նրանց ոչնչացումը, արևմտահայ մտավորականության ձերբակալությունները, հայ ժողովրդի տեղահանությունը բնօրրանից, այնուհետև՝ Սիրիայի անապատներում ստեղծված համակենտրոնացման ճամբարներում հայերի կոտորածները։ Այդ ճամբարները կարելի է համարել Երկրորդ համաշխարհայինի համակենտրոնացման ճամբարների նախատիպը։ Ըստ պատմաբանի՝ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն իրականացնում է Ցեղասպանության 5-րդ փուլը՝ մեր պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու ժխտողական քաղաքականությունը։ Արմեն Մարուքյանն ընդգծում է, որ 100-րդ տարելիցին ընդառաջ պետք է քայլեր կատարվեն հանցագործ պետությանը պատասխանատվության ենթարկելու և մեր հայրենիքի նկատմամբ մեր իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Հարցը պետք է տեղափոխվի դատապարտման և հատուցման դաշտ։ Դասախոսության ավարտին պատմաբանը պատասխանեց նաև աշակերտների հարցերին, որոնք առնչվում էին հայ-թուրքական սահմանի բացմանը, ԱՄՆ կողմից Ցեղասպանության փաստի չճանաչմանը, թուրքական արխիվները բացելուն և այլն։ Պատասխանելով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամկցելու հեռանկարի մասին հարցին՝ պատմաբանը նշեց, որ ԵՄ համար ո՜չ քաղաքական, ո՜չ տնտեսական առումներով շահավետ չէ Թուրքիայի նման երկրի մուտքն իր կազմ։ Մարդու իրավունքների, մշակութային, քաղաքակրթական առումներով այն բացարձակապես չի տեղավորվում եվրոպական արժեքների մեջ։ «Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Արշակյանը նշեց, որ այսպիսի ծրագրերը խիստ պահանջված են Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից բնակավայրերի համար։ Այստեղ սերունդ է մեծանում, և մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարիք կա։ «Մենք չենք ուզում, որ ազգային առանցքային հարցերի շուրջ ինֆորմացիայի պակաս լինի։ Դասախոսություններն աշակերտների համար վարում են ԳԱԱ պատմության ինստիտուտի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնագետներ, քաղաքագետներ։ Ծրագիրը դրական եզրակացություն է ստացել Կրթության ազգային ինստիտուտի կողմից, ներկայացվել է ԿԳՆ, որտեղից նույնպես հավանության է արժանացել»,- ասում է Արման Աշակյանը՝ ավելացնելով, որ հաջորդ փուլերում կկազմակերպվի Ցեղասպանության թեմայով վիկտորինա-մրցույթ, այցելություն «Եռաբլուր» պանթեոն, որից հետո աշակերտները կլինեն Շիրակի մարզի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում, որտեղից հնարավորություն կունենան դիտելու պատմական Անի մայրաքաղաքը` իր խոնարհված եկեղեցիներով և ծանոթանալու Անիի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր