1590 դիտում
16:08 25-05-2014
Ինչո՞ւ եք ուզում, որ պաշտոնյան հրաժարվի իր հարստությունից
Հին Հռոմում պետական, քաղաքական պաշտոններ զբաղեցնելու համար սահմանված էր գույքային ցենզ: Այսինքն՝ օրենսդիրը կամ գործադիրը պարտավոր էր հարստություն ունենալ՝ կալվածքներ, նավեր, արտադրություն, ստրուկներ, անասուններ, շատ փող: Ներկա ժողովրդավարական երկրներում պատգամավորի կամ նախարարի համար գույքային ցենզ չկա:
Ինչո՞ւ էր Հին Հռոմում, Հին Հունաստանում, ինչպես նաև՝ միջնադարում կառավարմանը մասնակցելու համար գույքային ցենզ սահմանվում: Եվ ինչո՞ւ են այսօր քննադատվում այն պաշտոնյաները, ովքեր բիզնեսով են զբաղվում կամ մեծ հարստություն ունեն:
Կան մարդիկ, ովքեր դատում են հին ու միջնադարյան արժեքներով և կարծում, թե պաշտոնյան պիտի հարուստ լինի, բիզնես, սեփականություն և շատ-շատ փող ունենա: Նրանք կարծում են, թե հարուստ մարդը պետական պաշտոնում ազնիվ կաշխատի, չի գողանա, չի թալանի, չի կողոպտի ժողովրդին:
Օրինակ. երբ քաղաքական պաշտոնի համար քվեարկվում են շատ հարուստ, բայց թերի կրթություն ստացածն ու քիչ եկամուտներ, բայց կիրթը, ապա հարուստ թեկնածուի օգտին քարոզչության ժամանակ կարևորվում է նրա հարստությունը, իսկ կիրթ թեկնածուի քարոզչությունը կարևորում է նրա կրթվածությունը: Փորձը ցույց է տալիս, որ հարուստ թեկնածուն ավելի մեծ վստահության և քվեների է արժանանում, քան կիրթ թեկնածուն: Այդ պատճառով խորհրդարանում և կառավարությունում հայտնվում են ավելի շատ հարուստ, քան կիրթ գործիչները:
Այդպիսով հակասություն է ստեղծվում: Եթե հասարակությունը նախապատվությունը տալիս է բիզնես ունեցող, հարուստ, փողատեր թեկնածուին, ով նրա տված քվեով դառնում է պատգամավոր ու նախարար, ապա ի՞նչ իմաստ ունի այդ հարուստ պաշտոնյաներին պարտադրել թողնելու բիզնեսը և հրաժարվելու հարստությունից:
Քաղաքական պաշտոն ստանձնողը ինչո՞ւ պիտի հրաժարվի իր կարողությունից ու եկամտի աղբյուրներից: Սա մեծ զոհողության պահանջ է, ինչ-որ տեսանկյունից նույնիսկ անմարդկային: Այս զոհողության պահանջը մինչև վերջ հիմնավորված է օրենսդրությամբ և սահմանադրությամբ: Սակայն հասարակական գիտակցության մեջ այդ նորմերը համարժեք արձագանք չեն գտնում:
Մյուս կողմից հարստության զոհողության պահանջը չի կատարվում: Պաշտոնյաները չեն հեռանում բիզնեսից, այլ հակառակը՝ իրենց պաշտոնական դիրքը օգտագործում են բիզնես հետաքրքրությունների պաշտպանության համար: Եվ ուրեմն, եթե այդ զոհողության պահանջը չի կատարվում, իսկ մարդիկ էլ նորմալ են համարում, որ պաշտոնյան պիտի բիզնես ու հարստություն ունենա, ապա կարելի է դրան դրական գնահատականներ տալ նաև սահմանադրության և օրենքների մեջ: Այսինքն փոխել արժեքները, նորմերը, օրենքները և վերականգնել գույքային ցենզը:
Այդ ժամանակ ամեն ինչ կընկնի իր տեղը: Գույքային ցենզի պահանջը կհիմնավորվի քաղաքակրթական և արժեքային փոփոխություններով: Պաշտոնյան ստիպված չի լինի իր ունեցվածքը թաքցնել կամ գրանցել զոքանչի անունով, իսկ կիրթ, խելացի մարդը չի հավակնի պետական բարձր պաշտոններին: Եվ կարևորը՝ նախանձն ու մաղձը կվերանա:
[b]
ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
13:57 29-11-2024
Կառավարությունը հաստատել է ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ սակագնային արտոնության որոշումը
646 դիտում
13:51 29-11-2024
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել