211652_close_icon
views-count1958 դիտում article-date 21:35 22-05-2014

Հուզական բթություն

Հուզական բթությունն այն վիճակն է, երբ ոչինչ չի ուրախացնում, չի զարմացնում, չի տխրեցնում ու չի վախեցնում: Հուզական բթությունը խորը և համապարփակ անտարբերությունն է: Այդ վիճակում հայտնված մարդու հետ հնարավոր չէ զրուցել, խաղալ, գործ անել: Հոգեբույժները հուզական բթությունը համարում են հոգեկան խանգարման ախտանիշ: Հուզական բթությունը հաջորդում է պատրանքներին՝ տեսողական և լսողական զգայախաբություններին: Երբ պատրանքները ցրվում են, վրա է հասնում հուզական բթությունը: Պատրանքների ազդեցության տակ մարդն ակտիվություն է ցուցաբերում, իսկ հուզական բթության մեջ պասիվ է, չի կարողանում գնահատել իրավիճակը և ակամա մերժում ցանկացած նախաձեռնություն, գաղափար, առաջարկ, դիմում, խնդրանք: Հուզական բթության մեջ հայտնված մարդն անտարբեր է իր շրջապատի, մերձավորների, բնության, երկրի, ժողովրդի, մարդկության, աշխարհի նկատմամբ: Նրան չեն հետաքրքրում ծնողները, երեխաները, հարևանները, բակը, ընկերները, բարեկամները: Նա խուսափում է շփումներից, հանդիպումներից: Նա հեռու է մնում հասարակական, քաղաքական շարժումներից: Նա չի գնում թատրոն, համերգ, նունիսկ՝ ֆուտբոլ: Նրա համար միևնույն է, թե ով կընտրվի պատգամավոր կամ նախագահ: Հուզական բթությունը վրա է հասնում ձախողվելուց հետո: Ձախողակը հուզական բթության մեջ ընկնելուց հետո կորցնում է նախաձեռնությունը, ծուլանում: Ձախողակին թվում է, թե ընկել է ձախորդության ճահիճը, սև խոռոչը, իսկ իրականում ընկել է հուզական բթության մեջ: Ձախողակը սոցիալական չարիք է համարվում ոչ թե այն պատճառով, որ նրա նախաձեռնությունները ձախողվում են, այլ այն պատճառով, որ ընկնում է հուզական բթության մեջ և կորցնում մարդկային նկարագիրը: Այդպիսով, ձախողակը նա չէ, ում նախաձեռնությունը ձախողվում է, այլ նա, ով ձախողվելուց հետո ընկնում է հուզական բթության մեջ՝ համակերպվում, հանձնվում: Իսկ նա, ով ձախողվելուց հետո չի ընկնում հուզական բթության մեջ, այլ նորից ու նորից է փորձում հաջողության հասնել՝ նա ձախողակ չի կոչվում: Հուզական բթությունը բնորոշ է պարտվողին: Պարտության դառնությունը ծածկում է ամեն ինչ և թույլ չի տալիս համարժեք արձագանքել իրողություններին: Պարտության խայտառակությունն ու ստորացումը առաջացնում են դատարկության զգացողություն, ինչից հետո վրա է հասնում հուզական բթությունը: Սեփական կոչման, պարտավորությունների, իրավունքների պաշտպանության նկատմամբ անտարբերությունը հուզական բթության արտահայտություն է: Արդարությունը չպաշտպանելը, ազատությունը չկարևորելը, ազատության և արդարության համար պայքարն անիմաստ ու անհեթեթ համարելը, երջանկության չձգտելը հուզական բթության արտահայտություններ են: Հուզական բթության մեջ չընկնելու և մարդ մնալու համար խորհուրդ է տրվում սիրել, երգել, պարել, վերլուծել, քննադատել, հարցեր բարձրացնել, պայքարել, հաջողության ձգտել, մի խոսքով՝ ապրել լիարժեք, առողջ, ճիշտ կյանքով: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր