3796 դիտում
10:48 27-02-2018
Ազգային ողբերգությունը հուզական բացականչություններ արտաբերելու մոլուցքն է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են մարդիկ կտրուկ, վերջնական դատողություններ անում բարդ, վիճահարույց թեմաների շուրջ, որոնք նրբանկատություն են պահանջում: Իսկ նրբանկատ, իմ կարծիքով, պետք է լինել ցանկացած մարդու հանդեպ՝ պաշտոնյա, թե անպաշտոն, հարուստ, թե աղքատ, ազատության մեջ, թե ազատազրկված:
Զոհված զինվորի շուրջ ստեղծված իրավիճակը պատճառ դարձավ այդ տեսակի հապճեպ դատողությունների, և նրանք, ովքեր օգտագործելով բոլորիս զգացմունքները, փորձում են սուր, խիզախ և ընդդիմադիր բացականչություններ արտաբերել, առնվազն նրբանկատ չեն: Հարցի էությունը, իմ կարծիքով, հետևյալն է. մի կողմից՝ պարզ է, որ սահմանին զոհված տղային անգամ առանց մկրտվելու թաղելուց եկեղեցին փուլ չի եկել. եթե մարդը կամ, տվյալ դեպքում, նրա ամենամոտիկ հարազատները իրենց համարում են հայ քրիստոնյա, նրանցից փաստաթուղթ պահանջելն այնքան էլ իմաստալից չէ: Ես, օրինակ, մկրտվել եմ պատերազմի ժամանակ Վերիշենում, և իմ կնքահայրն ու քահանան, ցավոք, այլևս մեզ հետ չեն: Ինչ-որ մեկը պետք է վիճարկի՞ իմ դավանանքը: Ուրիշ հարց, երբ մարդը աթեիստ է, բողոքական կամ կաթոլիկ ու չի ուզում մասնակցել մեր եկեղեցու արարողություններին՝ ոչ ոք իրավունք չունի նրան ստիպելու:
Մյուս կողմից՝ օգտագործել այս իրավիճակը Շիրակի թեմի առաջնորդին և ընդհանրապես բոլոր հոգևորականներին անկապ «քլնգելու» համար, նույնպես, կարծում եմ, տգեղ է: Սրբազանը չէր կարող միանգամից խորանալ Ախուրյանում այս հարցի շուրջ հյուսվող բոլոր խարդավանքների մեջ: Սա այն դեպքը չէ, երբ պետք է հուզական ընդհանրացումներ անել (օրինակ՝ «ողբամ զքեզ, հայ ժողովուրդ…»):
Նմանատիպ հապճեպ և նույնպես «խիզախ-ընդդիմադիր» դատողություններ արվում են առողջապահության ոլորտում: «Արգելել մարդկանց ծխել հասարակական վայրերում կամ պարտադրել նրանց դեղատոմսով գնել հակաբիոտիկները` հավասարազոր է հայ ժողովրդի ցեղասպանության, իսկ առողջապահության նախարարը մերօրյա Թալեաթ-փաշան է»: Դարձյալ բարդ խնդիրներն առանց կրքի և ըստ էության քննարկելու փոխարեն մարդիկ ընկնում են պոպուլիզմի և հնչեղ որակումներ տալու հետևից:
Իսկ խնդիր իրականում կա երկու դեպքերում էլ: Առաջին դեպքում խնդիրը, իմ կարծիքով, մեր հասարակության «հանդուրժողական» վերաբերմունքի մեջ է՝ նիհիլիզմի, փնթիության և անտաշության հանդեպ՝ մինչև ամեն մեկս նկատողություն չանի և օրենքով չսպառնա այն մարդկանց, որոնք համարձակվում են ծխել փակ տարածքներում, ոչ մի պետական խստացում չի օգնի: Իսկ երկրորդ պարագայում խնդիրը մեր պոլիկլինիկաների խղճուկ վիճակն է՝ դրանք մի վայր են, որտեղ մարդկանց ստորացնում են ու ամեն գնով անօրինական փող են կորզում, ինչն անշուշտ կանեն նաև դեղատոմս դուրս գրելու համար:
Բայց այդ ամենը ազգային ողբերգություն չէ: Ազգային ողբերգությունը հուզական բացականչություններ արտաբերելու մոլուցքն է»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
10:25 21-04-2021
Ճիշտ ժամանակն է հրաժարվել հուզական մոտեցումներից․ «Առավոտ»
1257 դիտում
10:39 11-06-2022
Պետական պրագմատիզմն ընդդեմ հուզական քաղաքականության․ «Առավոտ»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»