211652_close_icon
views-count1342 դիտում article-date 18:35 08-05-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Լոռու մարզում․ Վանաձոր խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում կեղտաջրերը շուրջ 20 օր է ողողում են փողոցներն ու տները, իսկ պատասխանատուների խոստացված դբա լավը չի երևում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն ավելի քան 20 օր է՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրում բնակիչները հայտնվել են ծանր ու հակասանիտարական իրավիճակում։ Կեղտաջրերը դուրս են գալիս դիտահորերից, ողողում փողոցները և որոշ հատվածներում լցվում անգամ բնակիչների տներ։

Երեկ մայիսի 7-ին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմում էին, որ կոյուղագիծը բնակավայրի ներքևի հատվածում խցանվել է, ինչի հետևանքով կեղտաջրերը հետ են հոսում և դուրս գալիս դիտահորերից՝ տարածվելով փողոցներով ու բակերով։

«Կեղտաջուրը ամբողջությամբ լցվում էր տուն, նույնիսկ՝ լոգարան։ Ստիպված փակել ենք տան կոյուղագիծը, որպեսզի գոնե ներս չլցվի։ Առանձին խողովակ եմ անցկացրել ու միացրել ջրատարին, բայց արդյունքում ամբողջ կեղտաջուրը հիմա փողոցով է հոսում»,- պատմել է բնակիչներից մեկը։

Բնակիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն անհարմարություն է պատճառում, այլ արդեն լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար։ Նրանք նշում են, որ շուրջ 20 օր է՝ երեխաները դպրոց են գնում կեղտաջրերով ողողված փողոցներով։

«Փոքր երեխաները ամբողջ օրը շնչում են այս գարշահոտությունը։ Քայլելիս կեղտաջուրը ցայտում է նրանց վրա։ Սա արդեն առողջության համար վտանգավոր իրավիճակ է»,- նշել են բնակիչները։

Մեկ այլ բնակիչ էլ ահազանգել է, որ նույն կեղտաջրերից խմում են նաև անասունները։

«Անասուններին ամեն օր անցկացնում են այս ջրերի միջով։ Կովերը խմում են այդ ջուրը, հետո այդ կաթը մարդիկ են օգտագործում։ Սա արդեն կարող է լուրջ հետևանքների բերել»,- ասել է բնակիչը։

Շահումյանցիների խոսքով՝ բազմիցս դիմել են տարբեր կառույցների՝ քաղաքապետարան, «Վեոլիա Ջուր» և սանիտարական ծառայություններ, սակայն մինչ այժմ խնդիրը վերջնական լուծում չի ստացել։

«Մեզ մի կառույցից մյուսն են ուղարկում։ Մեկն ասում է՝ դիմեք ջրմուղ, մյուսը՝ քաղաքապետարան, բայց հարցը նույն վիճակում մնում է»,- դժգոհել են բնակիչները։

Նրանք նաև նշել են, որ սեփական միջոցներով հատուկ մեքենա են հրավիրել՝ խցանումը վերացնելու նպատակով, սակայն դա ևս արդյունք չի տվել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Շահումյան բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Աթոյան-ը հայտնել է, որ խնդիրը քննարկվել է համայնքի ղեկավարի հետ։

«Քաղաքապետի հանձնարարությամբ նախ փորձելու են բացել խցանումը։ Եթե դա արդյունք չտա, ապա հատուկ տեխնիկայով ճանապարհը կփորեն, որպեսզի խնդրին վերջնական լուծում տրվի։ Ժողովրդի դժգոհությունն էլ ենք հասկանում, որովհետև այս իրավիճակը երկար շարունակվել չի կարող»,- նշել է նա։

Վարչական ղեկավարը հավելել է, որ այս պահին առաջնայինը խնդրի հնարավորինս արագ լուծումն է, որպեսզի բնակիչներն ու հատկապես երեխաները չտուժեն ստեղծված հակասանիտարական պայմաններից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր