211652_close_icon
views-count1310 դիտում article-date 16:18 22-05-2014

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Կառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, նշել է. «Ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ մեր երկրի լավագույն դպրոցականներին: Գիտության տարբեր ոլորտներում ունեցած ձեր հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է: Ձեր ձեռքբերումներով դուք ապացուցում եք մեր ժողովրդի՝ կրթության հանդեպ ունեցած առանձնակի վերաբերմունքը»: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ուսուցիչներին նվիրված և հոգատար աշխատանքի համար և անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: «Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների և լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցել է 1460 երեխա, որից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը նաև տեղեկացրել է, որ լավագույն աշակերտներից կազմված թիմերը ՀՀ անունից կմասնակցեն օլիմպիական միջազգային աշակերտական խաղերին: Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին և կարևորել նաև ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձևավորումը: Դա հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային և կնպաստի էլ ավելի թափանցիկ գործունեությանը: Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել և մաղթել նորանոր հաջողություններ:

Նմանատիպ նյութեր