Ինչո՞ւ են կրակում պատահական անցորդի վրա
Ահաբեկչությունների, քաղաքացիական բախումների, ինչպես նաև պատերազմների ժամանակ զոհվում ոչ միայն հակամարտող կողմերի զինվորները, այլև անմեղ մարդիկ, այդ բախումների կամ ահաբեկչության թիրախի հետ կապ չունեցող պատահական անցորդներ: Սա ցավալի իրողություն է: Սակայն երբ անմեղ մարդկանց սպանությունը զանգվածային բնույթ է կրում, ապա այն որակում են հանցագործություն մարդկության դեմ, իսկ մեղավորներին դատում են Հաագայի միջազգային քրեական դատարանում:
Պատահական անցորդների վրա կրակում են աշխարհի բոլոր ծագերում: Տարբեր են միայն պատճառները: Մեծ մասամբ պատահական անցորդի վրա կրակում են ակամա կամ վրիպելով բուն թիրախից: Սակայն աշխարհում կան սրիկաներ, ովքեր անմեղ մարդկանց և պատահական անցորդին են ընտրում թիրախ, որպեսզի վախ և սարսափ ներշնչեն այդ երկրի բնակչությանը: Այդ մարտավարությամբ են գործում ահաբեկչական խմբավորումները:
Ահաբեկչություն ծրագրավորողները որպես թիրախ են ընտրում թշնամի երկրի բնակչությանը, ժողովրդին, մարդուն: Այդպիսով ահաբեկիչը ցույց է տալիս, որ թշնամի երկիրը թույլ է և չի կարող պաշտպանել իր ժողովրդին: Ահաբեկչությունը սկսեց անմեղ մարդկանց թիրախ ընտրել այն ժամանակ երբ մարդը դարձավ գերագույն արժեք, ամենաթանկ կապիտալը, իսկ աշխարհը դարձավ մարդակենտրոն: Դա սկսվեց անցյալ դարի երկրորդ կեսերին: Այդպիսով ահաբեկիչները սկսեցին թիրախ ընտրել ոչ թե թշնամի երկրի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային, այլ անմեղ մարդկանց և պատահական անցորդին:
Առաջ ճակատամարտի վայրը ընտրվել է բնակավայրից բավական հեռու: Դա այդպես է արվել, որպեսզի այդ ճակամարտում արձակված նետերը չկպնեն անմեղ մարդկանց: Առաջ կար ավանդույթ. հարաբերությունները պարզելու համար իջնում էին Զանգվի ձոր կամ հավաքվում էին «Տեցի կրուգ» կոչվող վայրում, կամ գոնե անցնում էին շենքի հետևը:
Վերջին շրջանում այդ ավանդույթները, ինչպես նաև շատ այլ ավանդույթներ, չեն պահպանվում: Մարդիկ հարաբերություն են պարզում և իրար վրա կրակում որտեղ պատահի: Առաջին տպավորությունն այն է, թե հակամարտող կողմերը հաշվի չեն առնում, որ իրենց բախումից կարող են տուժել նաև անմեղ մարդիկ: Սակայն խնդիրը շատ ավելի խորն է:
Անմեղ մարդկանց և պատահական անցորդի զոհվելու դեպքերը նվազեցնելու համար առաջին հերթին պետք է փոխել քաղաքական, ռազմական, մշակութային, տնտեսական հետաքրքրություններ ունեցողների վարքաբանության մի քանի նորմ: Ներկայում եթե մեկը քեզ վիրավորել է, ապա դու պետք է նրա վրա կրակես անմիջապես, առանց 1 րոպե անգամ հապաղելու: Դա ընդունված նորմ է նրա համար, ով ունի լուրջ հետաքրքրություն, դիրք և հեղինակություն ինչ-ինչ շրջանակներում: Նա պարտավոր են անմիջապես արձագանքել, քանի որ հապաղելու դեպքում մարդիկ կարող են մտածել, որ նա չի կարող պաշտպանել իրեն, թույլ է, վախկոտ: Այս նորմը պետք է փոխվի հետևյալ կերպ: Նա պիտի չվախենա, թե անհապաղ չկրակելով կորցնելու է հեղինակությունը: Այդ դեպքում նա թշնամուն քաղաքավարի կհրավիրի հեռու մի վայր, այնտեղ կարող են իրար վրա կկրակել և պաշտպանել իրենց պատիվն ու հեղինակությունը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]