211652_close_icon
views-count3020 դիտում article-date 11:05 18-05-2014

Մարդը կախարդվել, վերածվել է անասունի

Շատ վիրավորական է, երբ մարդուն համեմատում են անասունի հետ՝ շան, խոզի, առնետի և այլն: Այդ համեմատություններում ընդգծվում է կենդանու այս կամ այն հատկանիշը: Երբ ասում են այսինչը խոզ է, ապա նկատի ունեն, որ խոզի պես շատակեր է, թավալվում է ցեխի մեջ: Երբ ասում են առնետ է, նկատի ունեն նրա վնասարարությունը: Հեքիաթներում և առասպելներում շատ են այնպիսի պատկերները, երբ մարդը կախարդվում ու վերածվում է կենդանու՝ խոզի, ձիու, եղնիկի, արագիլի, կարապի, շան և այլն: Դրանք մեծ մասամբ խորհրդանշական նշանակություն ունեն: Հայտնի կերպարանափոխություններից է Տրդատի կերպարանափոխությունը: Այդպիսով ցույց է տրվում, որ Տրդատը հալածեց քրիստոնյային և խոզ դարձավ: Իսկ հետո քրիստոնեությունն ընդունեց և կրկին մարդացավ: Հասարակության գաղափարական հասունացման, կամ ընդհանրապես սոցիալ վարքաբանության վերաբերյալ խիստ գնահատականները մեծ մասամբ մերկապարանոց են և հակասական: Երբեմն հասարակական բավարար աջակցություն չստացողը հանդիմանում է հասարակությանը կամ ժողովրդին՝ նշելով, թե իր ասելիքը ճիշտ է, մոտեցումները ճիշտ են, սակայն հասարակությունը չի հասկանում, չի ըմբռնում, չի ընկալում, անտարբեր է: Իսկ անտարբեր է, որովհետև նրա կրթական, բարոյական մակարդակը ցածր է: Այդպիսի դժգոհություն ներկայացնում են մեծ մասամբ մշակութային գործիչները՝ գրողները, երաժիշտները, դերասանները և այլն: Նրանց գրքերը չեն կարդում, երգերը չեն լսում, ներկայացումներին չեն հաճախում: Ահա այս անտարբերությունը ոմանց հիմք է տալիս ենթադրելու, որ հասարակությունը հասունացման խնդիր ունի: Սակայն այստեղ ակնհայտ է հակասությունը: Եթե գիրքը, երգը, ներկայացումը այսօրվա մարդու համար է, ապա այդ ինչպե՞ս է լինում, որ նա անտարբեր է մնում: Այս հակասական իրավիճակն ունի երկու հիմնական բացատրություն: Կամ առաջարկվող խոսքը մարդու մասին չէ, նրա խնդիրների, նպատակների, երազանքների, հետաքրքրությունների հետ կապ չունի, կամ մարդը կախարդվել, վերածվել է անասունի և կորցրել է հասկանալու ունակությունն ու մարդկային նկարագիրը: Այս երկու տարբերակներն էլ խիստ վիրավորական են թե՛ ասելիք ունեցողի, թե՛ լսարանի համար: Այդ պատճառով դրանք չի կարելի պնդել առանց հիմնավոր ապացույցների: Ամեն դեպքում խնդիրը մշակութային է: Եվ մշակութային այն գործիչները, ովքեր մտավորականի կամ հոգևորականի պատասխանատվության գիտակցումն ունեն, պարտավոր են կարգավորել այս իրավիճակը: Առաջին դեպքում կարելի է կարգավորել մրցակցային գործիքներով, այսինքն մշակութային քննադատությունը զարգացնելով: Այդպիսով կարելի է խստորեն հետևել, որպեսզի ներկայացվող խոսքը մարդուն բարձրացնի, այլ ոչ թե դարձնի անասուն: Իսկ ահա երկրորդ տարբերակը շատ բարդ աշխատանք է պահանջում: Այդ խնդիրը լուծելու համարձակություն ունեցողը պետք հրաշագործ լինի, մեծ հավատ ունենա: Նա նախ պետք է ապացուցի, որ մարդը կախարդվել, վերածվել է անասունի, իսկ հետո՝ կախարդված կենդանուն մարդ դարձնի: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր