2118 դիտում
17:49 16-05-2014
Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը
Այսօր՝ մայիսի 16-ին, լրանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը:
1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:
Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:
Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 206-ը պրոֆեսորներ են, 557-ը` դոցենտներ, 427-ը` ասիստենտներ, 489-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 17 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ:
Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:
2006 թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:
Հ.Գ.: ԵՊՀ 95-ամյակին ընդառաջ համալսարանական տարբեր ստորաբաժանումների և ուսանողական կառույցների կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, սակայն Մայր բուհին նվիրված հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
12:56 25-01-2022
Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1237 դիտում
17:11 06-02-2021
Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան
1794 դիտում
14:59 26-09-2014
Այսօր լրանում է հայ մեծանուն երգահան Կոմիտասի 145-ամյակը. ֆոտոշարք
Այս բաժնից
712 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում
682 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
769 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին