3304 դիտում
17:54 15-05-2014
ԵՊՀ ռադիոֆիզիկոս ուսանողները կստանան լեյտենանտի կոչում
ՀՀ Կառավարության 2014 թ-ի ապրիլի 30-ի թիվ 449/Ն որոշման համաձայն` 2014-2015 ուստարվա դիմորդները կարող են դիմել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ (011200)՝ օգտվելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից: 15 անվճար տեղ կհատկացվի ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության համար
«Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, որի համար դիմորդները ընդհանուր փաստաթղթերի հետ ԵՊՀ ընդունող հանձնաժողով են ներկայացնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ նախարարության կենտրոնական պոլիկլինիկայում անցած բուժզննման արդյունքների մասին համապատասխան տեղեկանքը:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում սովորելու տարիներին «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ընդունված դիմորդները տվյալ մասնագիտության համար նախատեսված դասընթացներից բացի, III կուրսի առաջին և երկրորդ կիսամյակներում և IV կուրսի առաջին կիսամյակում միայն (ավարտական աշխատանքներին չխանգարելու պատճառով) լրացուցիչ անցնելու են զինվորական պատրաստականություն, և բուհն ավարտելիս ստանալու են լեյտենանտի կոչում:
Բուհ ընդունվելուց հետո ուսանողի և ՊՆ-ի միջև կկնքվի համապատասխան պայմանագիր, որի համաձայն՝ ԵՊՀ-ն ավարտելուց հետո շրջանավարտները որպես լեյտենանտներ անցնում են պայմանագրային զինվորական ծառայության (հինգ տարի ժամկետով) զինված ուժերի կապի միջոցների վերանորոգման ստորաբաժանումներում, ստանալով համապատասխան աշխատավարձ:
Պայմանագրային ժամկետն ավարտվելուց հետո նրանք կարող են իրենց հետագա աշխատանքը շարունակել ինչպես զինված ուժերում, այնպես էլ քաղաքացիական այլ ոլորտներում: «Ի դեմս Պաշպանության նախարարության՝ ԵՊՀ-ն շատ լավ բարեկամ ունի, քանի որ տարվա ընթացքում նախարարը կամ այլ բարձրաստիճան զինվորականներ հանդիպումներ են ունենում համալսարանականների հետ, զրուցում, խոսում բանակում առկա խնդիրներից, դրանց լուծումներից ու հետագա ծրագրերից: Այդ հանդիպումների ընթացքում գրեթե միշտ խոսվում է բուհ-բանակ համագործակցության ամրապնդման մասին, և այօսր արդեն քայլեր են արվում այդ ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը զինված է նորագույն էլեկտրոնային և ռադիոսարքավորումներով ու բարդ տեխնոլոգիաներով: Դրանց համար լուրջ մասնագետներ են հարկավոր, որոնց պատրաստման գործում ԵՊՀ-ն կարող է իր ներդրումն ունենալ»,- ասում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Վարդանյանը:
Եվ չնայած «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությունը նորույթ չէ, այնուամենայնիվ ԵՊՀ դասախոսները կրթական ծրագրերը նախարարության պահանջներին համապատասխանեցնելու համար կհամագործակցեն ՊՆ մասնագետների հետ:
Վերոնշյալ մասնագիտությամբ դիմորդները պետք է դիմեն տարածքային զինվորական կոմիսարիատ, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և կրթության վարչություն, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր (նաև պատճեն), կցագրման վկայական (նաև պատճեն), տեղեկանքներ նարկոդիսպանսերից և հոգեբուժարանից (նաև պատճեններ):
Ռադիոֆիզիկայի դեկանը նաև հավելեց, որ հետագայում նախատեսվում է ևս մեկ ծրագիր սկսել ՊՆ-ի հետ, որի շրջանակներում իրենց ֆակուլտետը կկրթի արդեն իսկ ծառայությունն ավարտած դիմորդներին, ովքեր նույնպես անվճար հիմունքներով կընդունվեն միանգամից 2-րդ կուրս: Բուհն ավարտելուց հետո վերջիններս պետք է աշխատեն ՊՆ-ի արտադրական ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
13:04 08-12-2014
Բակո Սահակյանը ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել
2261 դիտում
13:37 09-12-2014
ԼՂՀ ԱԱԾ տնօրենին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել
Այս բաժնից
910 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
667 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է