211652_close_icon
views-count3676 դիտում article-date 23:26 12-05-2014

Հրադադար 20. Հայացք Արցախից` պատմական ժամանակագրություն. տեսանյութ

Հրադադարին 4 տարի տեւած ռազմական գործողություններն են նախորդել: Այդ ընթացքում մի քանի անգամ եւս որոշակի կարճ ժամանակահատվածներով գործած հրադադարի մասին պայմանավորվածություններ եղել են: Դրանց մեծ մասը ձեռք էր բերվում ադրբեջանական զորքերի անհաջողություններից հետո, առանց միջնորդների՝ Ադրբեջանի եւ Արցախի հանրապետությունների տարբեր աստիճանների ներկայացուցիչների ուղղակի բանակցություններով: 1993-ից է մնացել այս փաստաթուղթը, որով հայր Ալիեւը իր ներկայացուցչին լիազորում է բանակցություններ վարել Ադրբեջանի եւ Արցախի հանրապետությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար: 1994թ. գարնան էլ Արցախի զինված ուժերը շարունակում էին զարգացնել հաջողությունները բոլոր ուղղություններով: Նաեւ միջազգային ասպարեզում ակտիվացան խաղաղության կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունն էլ համաձայնեց՝ ընտրելով իր համար չարյաց փոքրագույնը: Բիշքեկում պայմանների քննարկմանը արցախյան կողմը մասնակցում էր ադրբեջանական պատվիրակությունից ոչ պակաս իրավունքներով: Առաջին կարեւոր սկզբունքն այն էր, որ հարցը միայն խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի: Ովքե՞ր են պատասխանատու հրադադարի պահպանման համար: 1994 թվականի մայիսի 5-ին Վլադիմիր Շումեյկոն դա ներկայացնում է որպես Բիշքեկյան քննարկումներում ներառված երկրորդ կարեւորագույն սկզբունք: 2-րդ սկզբունքային պահը, ամենայն հավանականությամբ` ամենասկզբունքայինը, այն է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ճանաչեն հակամարտության 3-րդ կողմին` Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Առանց երրորդ կողմին ճանաչելու` առաջ շարժվել չի լինի: Այս բոլոր քննարկումների արդյունքում վերջնական տեսքի բերված փաստաթղթում հերթական անգամ ամրագրվում են հակամարտության կողմերը: Ջալիլով, Բաբուրյան, Արարքցյան` ահա հակամարտության երեք կողմերը: Այս ստորագրություններով ու դրան հաջորդած՝ երեք կողմերի պաշտպանության նախարարների վավերացումներով՝ հրադադարը պահպանվում է արդեն 20 տարի: Առանց խաղաղապահների: Շփման գծում ադրբեջանական զինուժին դեմ առ դեմ այսօր կանգնած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Միակ իրական փոփոխությունն այն է, որ 1994 թվականից անփոփոխ շփման գծով սահմանազատված ամբողջ տարածքն արդեն Սահմանադրությամբ, ամրագրվել է որպես ԼՂՀ տարածք: Ընդ որում՝ այս տարիների ընթացքում Արցախը միջազգային հանրությանն ավելի ընկալելի է դարձել: Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ Բաքվի ջանքերն անցած 20 տարվա ընթացքում ռազմակոչերով ու սպառնալիքներով են սահմանափակվել: Այդ առումով Բաքվի քաղաքականությունն անփոփոխ է մնում: Անփոփոխ է մնացել նաեւ 1994-ին` Բիշքեկյան արձանագրությամբ հստակեցված ԼՂՀ կարգավիճակը բանակցություններում: Տարիների հետ՝ շփման գծի երկայնքով հրադադարի խախտումների եւ դրանց զոհերի թիվն է փոխվում: Միայն վերջին 3 տարվա ընթացքում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարը խախտել է 32 774 անգամ, Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ 177 հազար կրակոց է արձակվել: 9 կորուստ ենք ունեցել: Պաշտպանության բանակը պատասխանում է մեկ զոհի դիմաց 5-ը սկզբունքով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27736]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր