211652_close_icon
views-count1260 դիտում article-date 16:48 05-05-2014

Վարչապետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին: Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունեմ, որ նախարարությունում իրականացվող բարեփոխումները համատեղ կփորձեք շարունակել և զարգացնել: Մեզ համար սպորտը կարևոր ոլորտ է, և որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, սատարելու եմ, որպեսզի կարողանաք իրականացնել Ձեր առջև դրվելիք ծրագրերը»: Այնուհետև ելույթ են ունեցել սպորտի և երիտասարդության հարցերի նախկին ու նորանշանակ նախարարները: Յուրի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորել Գաբրիել Ղազարյանին և հաջողություն մաղթել: Իր հերթին Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ աշխատանքային գործունեության արդյունքում ավելի խորը և ճիշտ է ընկալում ոլորտում առկա խնդիրները, անձնապես ճանաչում է նախարարության աշխատակազմին և պատրաստ է համատեղ աշխատել նոր թափով: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և հավաստիացրել վարչապետին, որ նախարարությունը կշարունակի իրականացնել ընթացիկ ծրագրերը և նոր ձեռքբերումներ արձանագրել:

Նմանատիպ նյութեր