211652_close_icon
views-count1374 դիտում article-date 13:25 28-04-2014

ՀՀ ԱԻՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև մեծ համագործակցության սկիզբ կդրվի

Ապրիլի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա մամլո ասուլիս, որին կմասնակցեն ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Ասուլիսը նվիրված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացի մեկնարկին: Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական ջոկատի անդամների համար Բրիտանական խորհուրդը կանցկացնի անգլերեն լեզվի դասընթացներ: Անգլերենի իմացությունը ՄԱԿ-ի միջազգային որոնափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմ ունենալու հիմնական նախապայմաններից է: Դասընթացները կմեկնարկեն մայիսին և կտևեն վեց ամիս: ՀՀ ԱԻՆ միջազգային փրկարարական ջոկատի անդամները կմասնակցեն 120 ժամ տևողությամբ ընդհանուր անգլերենի դասընթացի: Նախորդ տարի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Բրիտանական խորհուրդն անգլերեն լեզվի դասընթացներ է անցկացրել ՀՀ ռազմական կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար, իսկ ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ` ականազերծողների համար: Դասընթացների նպատակն է անգլերեն լեզվի իմացության բարձրացման շնորհիվ նպաստել նրանց ներգրավմանը միջազգային ծրագրերում: Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: 56 երկրում գործող 128 ուսումնական կենտրոնների շնորհիվ Բրիտանական խորհուրդը հայտնի է անգլերեն լեզվի ուսուցման իր նյութերով, փորձով ու վարկանշով:

Նմանատիպ նյութեր