211652_close_icon
views-count954 դիտում article-date 12:51 29-05-2014

ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության սկիզբ կդրվի

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համագործակցության ոլորտներն են հատկապես բուսաբուծությունն ու անասնաբուծությունը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության և կայուն գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը: Կառավարությունն իր որոշմամբ ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ ծառայությանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման համար տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար: Հաշվառում անցկացնելու նպատակով տրամադրվելու է 200 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը կսկսվի ս.թ. հունիսի 15-ին և կավարտվի մինչև 2015թ. մարտը: Վիճծառայությունը ս.թ. հունիսի 1-ից սկսելու է իրականացնել նաև «Դպրոցից դեպի աշխատանք» ընտրանքային միանվագ հետազոտության երկրորդ շրջափուլը, որի համար Աշխատանքի միջազգային կազմակերպությունը տրամադրելու է 100 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրը, որը մեկնարկել է 2011թ. հունիսին և ավարտվելու է 2016թ. մայիսին, նպատակ ունի հզորացնել վիճծառայության կարողությունը՝ համակողմանի և արժանահավատ տեղեկություն հավաքելու աշխատանքի շուկայում երիտասարդների մասնակցության վերաբերյալ և դրանով իսկ նպաստելու երիտասարդների զբաղվածությանն ուղղված երկրի քաղաքականության կատարելագործմանը, դրա արդյունավետության մշտադիտարկմանը: Այս ծրագրի ֆինանսական միջոցների տնօրինման համար ևս կառավարությունը թույլատրել է արտաբյուջետային հաշիվ բացել:

Նմանատիպ նյութեր