«Փյունիկ»-ը պարզաբանում է. Արման Հովհաննիսյանին ոչ ոք չի ծեծել
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է. երեկ մամուլում տեղ գտած հրապարակումները պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասին ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Արմանը, «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպման ընդմիջմանը նա անձնական լուր է ստացել ընտանիքից և անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը:
Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի առաջնության շրջանակում տեղի ունեցած «Փյունիկ» - «Գանձասար» հանդիպման ընդմիջման ժամանակ Արման Հովհաննիսյանը հանդերձարանի ճանապարհին ծեծի էր ենթարկվել, որից հետո ֆուտբոլիստը խաղադաշտ էր վերադարձել կիսամերկ վիճակով, մարմնի վրա կարմիր հետքերով: