211652_close_icon
views-count1550 դիտում article-date 21:49 24-04-2014

Հայերի տնտեսական ներուժն ու դրա հետևանքները. տեսանյութ

Օսմանյան կայսրությունում կարևոր տնտեսական լծակները հայերի ձեռքերում էին: Թուրքիայի հաջողակ առևտրականները, ոսկերիչները, ժամագործներն ու արվեստագետները հիմնականում հայեր էին: Գևորգ Չուխաջյանը սուլթան Մեջիթի արքունի ժամագործն էր` Օսմանյան կայսրությունում երգող ժամացույցների հեղինակը: Հայտնի մյուս ժամագործը Մկրտիչ Գալֆայանն էր: Նրա հնարած ժամացույցը լարվում էր տասը տարին մեկ անգամ: Նա նաև ոսկերչի համբավ ուներ, և հենց նա է ստեղծել Օսմանյան զինանշանը: Հայ գործարարների համար բացվել էր նաև եվրոպական շուկան, կապերը հին աշխարհի հետ ամուր էին` արդյունաբերական և առևտրային: Այստեղ ամեն ընտանիք ուներ իր մասնագիտությունը, որը փոխանցում էին սերնդե-սերունդ: Տյուզյանների գերդաստանը արքունի ոսկերչապետերն էին, Տեմիրճիպաշյանները նավաշինական ձեռնարկությունն էին ղեկավարում, Տատյաններն էլ` կայսրության ռազմական արդյունաբերության և բանակի հանդերձավորման արտադրության պատասխանատուներն էին: Հայերը նաև մետաքսագործության ու մաքսահավաքման առաջին դեմքն էին: Ղեկավարում էին բանկային համակարգն ու դրամատները: Սուլթանական ընտանիքի և երիտթուրքական վերնախավի վստահելի բժիշկներն անգամ հայեր էին: Չկար տնտեսական ոլորտ, որտեղ հայն առաջինը չլիներ: Փոստային ծառայությունը, որը դեռ նոր էր հիմնվում Օսմանյան կայսրությունում նույնպես հայերի ձեռքում էր: Հենց տնտեսական այս հզորացումն էլ պատմաբանները դիտարկում են որպես ցեղասպանության հնարավոր պատճառներից մեկը: Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից մազապուրծ հայերը ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ: Մեծ բարերար, գյուտարար ու արդյունաբերող Ալեք Մանուկյանը ծնվել է Օսմանյան Թուրքիայում: 19-ամյա Ալեքը կանխազգալով վտանգը, գաղթում է Միացյալ Նահանգներ, գրպանում ունենալով մի քանի տասնյակ դոլար: 1929-ին նա հիմնում է «Մասկո» ընկերությունը, որն առաջին հայկական հանրահայտ բրենդն է դառնում: 1930-ին նա անդամագրվում է Հայկական բարեգործական միությանը, որը զբաղվում է աշխարհով մեկ սփռված հայերին օգնելով: Բարեգործության մեկ այլ հսկան Գալուստ Գյուլբենկյանն էր: Այդ ժամանակ արդեն նավթային բիզնեսում լուրջ առաջընթաց ունեցող և հարգարժան անուն վաստակած Գալուստ Գյուլբենկյանը ձեռնամուխ է լինում հայության բեկորները Սիրիայում և Լիբանանում տեղավորելուն: Նա մտածել էր նույնիսկ նրանց աշխատանքի մասին. ապրելով Սիրիայում հայերը կարող էին աշխատել նոր կառուցվող նավթագծի վրա: Իսկ բնակվել կարող էին Գյուլբենկյանի միջոցներով կառուցված յոթ գյուղերում: Գործարարը ստեղծում է նաև հիմնարկ, որին կտակում է 2 միլիարդ 600 մլն դոլար և 102 միլիոն բյուջեով տարեկան շահույթ: Այսօր այդ հիմնարկը, որի կենտրոնը Լիսաբոնն է, բարեգործական ծրագրեր է իրականացնում աշխարհի ավելի քան 70 երկրներում: Այն ունի իր առանձին հայկական բաժինը, որը նախատեսված է աշխարհի գրեթե 30 երկրներում հայկական համայքների խնդիրները լուծելու համար և միայն հայկական բաժնի տարեկան բյուջեն ավելի քան 300 մլն դոլար է: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26748]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր