Ցեղասպանությունը չընդունած պետությունների համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն առիթ է դա անելու. Անրի Ռենո
20-րդ դարի առաջին ոճրագործությունը՝ Հայերի ցեղասպանությունը, առիթ է մինչև օրս ցեղասպանությունը չընդունած պետությունների համար այն հիմա ընդունելու: Այս մասին նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ Ֆրանսիայի համար ապրիլի 24-ը հատուկ օր է, քանի որ Օսմանյան կայսրության կողմից իրականացվող ջարդերից փրկվելու համար շատ հայեր են փախել Ֆրանսիա և վերաբնակվել այնտեղ՝ ստեղծելով կես միլիոնանոց համայնք:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Ա. Ռենոն ընդգծեց, որ Ֆրանսիան ցանկանում է այդ հարաբերություններն արագ կարգավորված տեսնել:
«Մենք կներդնենք այդ հարցում ֆրանսիական ողջ դիվանագիտական ուժը: Հույս ունենք,որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը»,-ասել է նա՝ հավելելով, որ հաշտեցումն անհրաժեշտ գործոն է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: