211652_close_icon
views-count5495 դիտում article-date 13:18 21-04-2014

Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն... այսօր Արցախյան պատերազմի հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է, ով Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը, եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։ Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։ 1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։ Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։ Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով։ Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»։ Թաթուլ Կրպեյանին և ընկերներին են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպը, «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.` Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.՝ աշուղ Գևորգ) երգերը։

Նմանատիպ նյութեր