211652_close_icon
views-count1692 դիտում article-date 14:19 20-04-2014

Մայր Աթոռում Սուրբ Հարության տոնի առիթով պատարագ մատուցվեց

Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը: Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: Մինչ Հայրապետական պատարագի սկսվելը, Ս. Հռիփսիմե վանքից Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները թմբուկների ձայների ներքո քայլերթով եկան Մայր Աթոռ` դիմավորելու Վեհարանից Մայր Տաճար իջնող Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանին կրում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և սիրիահայ Սուրեն Վարդանյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամը հղեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:

Նմանատիպ նյութեր