211652_close_icon
views-count16603 դիտում article-date 14:24 01-04-2018

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի կապակցությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ: Պատարագիչն էր Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մուտքը մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր և լսեցին երկու հրեշտակների խոսքերը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ Զատկին են ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ»: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս»: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 214+
214+

Նմանատիպ նյութեր