211652_close_icon
views-count1246 դիտում article-date 15:30 17-05-2020

Ինչու՞ է խախտվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է ՀՑԹԻ տնօրենի գործունեությունը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տաածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ, որում մասնավորապես, ասվում է. «Վերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումներն արդարացիորեն մտահոգությունների առիթ են տալիս: 1995թ. հիմնադրված և ՀՀ ԳԱԱ համակարգում գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր և համաշխարհային պատմության ամենադատապարտելի էջերից մեկի մասին ամբողջական և համալրվող հավաքածու՝ ներառելով Հայոց ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, հուշային մասունքներ, հուշագրություններ: Իր նշանակությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակության համազգային գիտական կենտրոն է, այլև մեր հավաքական ապրումների, հիշատակների, արժանապատվության և ազգային-քաղաքական իրավունքների պահպանման, պաշտպանության խորհրդանշան և կենտրոն միաժամանակ: 2018թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հարություն Մարությանի նշանակմամբ կառույցում սկսվեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են: 2019թ. տնօրենը հանդես է եկել հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ: 2020թ. փետրվարին ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող հանձնաժողովին ներկայացված տնօրենի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցված նյութերը (հիմնականում՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմագիտական և աղբյուրագիտական նշանակության գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանվում են հիմնական ֆոնդից և ընդգրկվում նոր ձևավորվող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրավական կարգավիճակը: Ըստ այդմ, հիմնական ֆոնդից, որը 2019թ. դրությամբ կազմում է շուրջ 95.000 միավոր, դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը՝ շուրջ 36.000 միավոր: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմության մեջ չգրանցված գործընթաց է: Ի դեպ, գործող կարգը երբեք որևէ ուսումնասիրողների համար նյութերի անհասանելիության խոչընդոտ չի հանդիսացել: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը. սույն հարցը արդարացիորեն շրջանառվում է հանրության լայն շրջանակների կողմից և սպասում իր թափանցիկ, հրապարակային գնահատականին: Արդյոք սա չի՞ կարող նախադեպային լինել և հետագայում «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դուրս չեն գրվի այլ նյութեր: Ինչու՞ է խախտվում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը, փոխարենը սկսում է ակտիվանալ մարդկային սուբյեկտիվության գործոնը: Ի դեպ, այս սուբյեկտիվությամբ էր պայմանավորված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրյակին հիմնական կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամոթալի փորձը: Արդյոք սա մեր պատմությունը, պահանջատիրության քաղաքականությունը ռևիզիայի ենթարկելու անթաքույց մղում չէ՞: Նույնքան մտահոգիչ է մեկ այլ հանգամանք. ինչու՞ է մեր թանգարանային ֆոնդերի պահպանման չափանիշների մշակման կարևոր գործին լծվել մի հասարակական կազմակերպություն՝ սնվող Բաց Հասարակության ինստիտուտ-օժանդակության հիմնադրամի կողմից, որի հետ տնօրեն Մարությանի՝ այլ դրվագներով գործակցությունը ևս հայտնի է: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ելնելով վերոհիշյալից, հայտարարում է՝ գործ ունենք համահայկական տարողության, մեր պետականության անվտանգությանն ու ազգային բաղադրիչին առնչվող իրողության հետ: Մենք խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Մարությանի գործունեությունը, ինչն ակնհայտորեն միտված է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթային վկայությունների վերացմանը, ազգային ինքնության, հոգևոր արժեքների ոչնչացմանը և սպառնում է Հայաստանի պետականության անվտանգությանը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը չի՛ հանդուրժելու նման կասկածելի և անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայությունը ՀՑԹԻ-ում և բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականության դեմ»։ [b]ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն Մայիս 17, 2020 թ. ք. Երևան [/b]

Նմանատիպ նյութեր