211652_close_icon
views-count1776 դիտում article-date 19:00 16-04-2014

«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանը խնդրել է իրեն տեղափոխել Հայաստան, քանի որ կնոջն ուղղված սպառնալիքներ են գալիս

«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի կենտրոնական դատարանին միջնորդել է, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան, ինչն էլ դատարանը բավարարել է: Այս մասին [b]Shamshyan.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: Փայլակ Հայրապետյանը, անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի այն հայտարարությանը, թե ծնողները մահացել են և կնոջը ահաբեկող նամակներ են ստանում, հետեւաբար մա ցանկանում է վերադառնալ Հայաստան, ասաց. «Դե, նա այստեղ էր, որ ծնողները մահացել էին: Իսկ ինչ վերաբերում է կնոջը սպառնալիքներ հնչեցնելուն, ես երբեք նման բան չէի անի: Նա ինձ նկատի չէր ունենա, քանի որ ինքն էլ լավ գիտի, որ ես նման հիմար բաներ չէի անի: Ուրիշի կինը կամ երեխան ի՞նչ կապ ունեն իրենց ծնողի կամ ամուսնու արածների հետ»: Փ. Հայրապետյանը հիշեցրեց, որ խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր