2713 դիտում
15:40 27-06-2014
«Օֆշորային» սկանդալի կիզակետում հայտնված Աշոտ Սուքիասյանը իրեն մեղավոր չի ճանաչել, նրա համար նաև բժիշկ են հրավիրել
«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը իր նախնական ցուցմունքներում իրեն մեղավոր չի ճանաչել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք՝ նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասաց. «Ոչ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»:
Հետաքրքրվեցինք նաեւ Աշոտ Սուքիասյանի առողջական վիճակով, ինչին ի պատասխան փաստաբանը արձագանքեց. «Դե, մի քիչ երկար ժամանակով գտնվեց Վրաստանում՝ օտարերկրյա բանտում: Լավ նիհարել է, ատամների հետ կապված խնդիր կա, բժիշկ ենք հրավիրել, որ ստուգվի: Բայց բավարար է առողջությունը: Դե, բանտային ռեժիմ է. շատ լավ լինել չի կարող»:
Մինչեւ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 19-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը, և Ա. Սուքիասյանը կալանավորվել և տեղափոխվել էր Երևանի «Կենտրոն» ՔԿՀ:
Հայտնել էինք նաեւ, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Նմանատիպ նյութեր
5189 դիտում
12:03 02-04-2014
«Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը 30 օրվա ընթացքում կլինի Հայաստանում