Ռեկտորը նաև պահակ է. տեսանյութ
Նախկին մանկապարտեզի կիսավեր շենքում գրեթե ոչինչ չի հուշում, որ դեռ մեկ օր առաջ այստեղ ուսանողները ստացել են բարձրագույն կրթություն: Աբովյան քաղաքի Լեւոն Օրբելու անվան բուհում մեկ օր է, դասերը ընդհատվել են: Առաջինը ուսանողների բացակությունը նկատեցին մոտակա կրպակում: Ուսանողներն այսօր առեւտուր չեն արել:
Բուհը հիմնադրվել է 2001-ին: 2003-ին Կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման բաժինը կասեցրեց բուհի երկու առարկաների դասավանդումը: Վերջին կասեցումն էլ եղավ մեկ օր առաջ: Լիցենզավորման բաժնի աշխատակիցները ուսումնասիրել են ու պարզել` ԲՈՒՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմը աշխատանքից ազատվել է դեռ դեկտեմբերին: Թե ովքեր են դասավանդել բուհում, հայտնի չէ: Բացի այդ, կրեդիտային համակարգին` ի տարբերություն հանրապետության մյուս բոլոր բուհերի, Աբովյանի Օրբելու համալսարանը չի անցել:
Բուհի ղեկավարությունը նախարարությունում եղել է, սխալներն ընդունել է: ԲՈՒՀ-ի տարածքում գտնվող միակ մարդը ներկայացավ, որպես պահակ: Ավելի ուշ, մոտակա շենքերի բնակիչները հերքեցին: Պահակը չէ, ռեկտորն է:
Ռեկտոր Զոհրաբյանն այդպես էլ չցանկացավ ներկայանալ, որպես սեփական բուհի ռեկտոր: Միայն զգուշացրեց, բուհը կգործի:
Բուհի գործունեությունը կասեցվել է: Ըստ օրենքի այն կարող է գործել միայն մեկ տարի անց, եթե այդ ընթացքում բավարարի լիցենզավորման բոլոր պահանջներին: Նախարար Աշոտյանը վստահեցրել է, որ բուհի 56 առկա եւ 21 հեռակա սովորող ուսանողները դրսում չեն մնա: Նրանք կտեղափոխվեն պետական ու մասնավոր այլ բուհեր:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26004]armnewstv.am [/url]