1678 դիտում
18:51 09-04-2014
Ավարտական վերջին զանգին քաղաքապետարանը շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։
Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չնայած տարվա առաջին եռամսյակը սովորաբար համեմատաբար պասիվ է լինում, Երևանի քաղաքապետարանը հոգացել է երևանցիների համար մշակութային ու ժամանցային առումով հնարավորին ակտիվ եռամսյակ կազմակերպելը՝ ամանորյա, սուրբծննդյան, Հայկական բանակի օրվան նվիրված, Սուրբ Սարգսի տոնի, ինչպես նաև մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց ու մայրության տոներին նվիրված միջոցառումներով։ Արամ Սուքիասյանը կանանց նվիրված մեկամսյա միջոցառումները ներկայացնելուց բացի, նաև մանրամասնել է, որ համայնքային բյուջեով տոնական համալիր միջոցառումների անցկացման համար նախատեսված տարեկան ֆինանսական միջոցներից ծախսվել է 20 մլն դրամ։ Մարտի 8-ի և ապրիլի 7-ի միջոցառումներն անցկացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, մարդաշատ վայրերում, հատկապես՝ նորակառույց այգիներում։ Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ այդպիսով նաև փորձ է արվել նպաստել նորակառույց այգիների հանրայնացմանը։
Անդրադառնալով Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներին՝ Արամ Սուքիասյանը նախևառաջ կարևորել է ազգային նվագարանների բաժինների՝ որպես սերնդի դաստիարակության առումով մեծ ազդեցություն ունեցող կարևոր օղակի հանդեպ Երևանի քաղաքապետարանի ընդգծված ուշադրությունը։
«Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին, որպեսզի մեր երեխաները առավել կապված լինեն ազգային մշակույթին։ Բյուջեից առանձին հատկացումներ են կատարվում ինչպես պետության, այնպես էլ քաղաքապետարանի կողմից։ Պետք է նշեմ, որ այս բաժիններում ուսուցումն անվճար է»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Ինչպես ներկայացված եռամսյակում, այնպես էլ ողջ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանն իրականացրել և ծրագրել է բազմաթիվ միջոցառումներ՝ միջազգային, պետական նշանակության օրերի, հայ գրականության և մշակույթի անվանի գործիչների ծննդյան հոբելյանական տարեթվերը նշելու նպատակով։ Վերջերս նշված միջոցառումներից Արամ Սուքիասյանն առանձնացրել է հատկապես մարտի 27-ը՝ Թատրոնի օրը, երբ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հայկական թատերաշխարհի 300-ից ավելի գործիչների համար կազմակերպվել է ընդունելություն, որի շրջանակում մի շարք արվեստագետներ արժանացել են պարգևների։
Երևանում նշվող Ֆրանկոֆոնիայի օրերին անդրադառնալով՝ Արամ Սուքիասյանն ասել է, որ միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են երևանյան տասնյակ դպրոցներ ու մշակութային բազմաթիվ կազմակերպություններ։
Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը քույր քաղաքների հետ ևս բազմաթիվ ծրագրեր ունի նախատեսած, որոնք ծրագրված են հատկապես աշնանը։
Զբոսաշրջային ոլորտում տարեկան ծրագրերը նախանշելով՝ Արամ Սուքիասյանը կարևորել է տեղեկատվական կենտրոնների հիմնադրման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայում ընթացող աշխատանքները, այդ թվում նաև էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումները։ Քաղաքապետի տեղակալի հավաստմամբ՝ Երևանը զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն կունենա մինչև այս տարեվերջ։ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նաև զբոսաշրջիկների համար անհրաժեշտ քարտեզների, քարտեզ-ուղեցույցների մշակմանն ու տպագրմանը, քանի որ օր օրի փոխվող Երևանի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացնելու անհրաժեշտություն կա։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ զուգարանների խնդրի լուծման շուրջ ևս քաղաքապետարանը ծրագիր ունի. ներկայում կտեղադրվի առայժմ 2 զուգարան, իսկ խնդիրը մեղմելու նպատակով կառուցվելիք այգիները նախագծելիս դրանք պարտադիր բաղկացուցիչ պայման են լինելու։
Հանրակրթական ոլորտի եռամսյակային աշխատանքներն ամփոփելով՝ Արամ Սուքիասյանն անդրադարձել է հատկապես մանկապարտեզներին ուղղված ծրագրերին և հանրակրթական դպրոցներում ներառական կրթությանը։ Ներկայում Երևանի դպրոցներում ներառական կրթության ծրագրով 175 աշակերտ է սովորում։
Այս տարի մանկապարտեզների գույքի ձեռքբերման ծրագրին համայնքային բյուջեից 300 մլն դրամ է ուղղվել։ Արամ Սուքիասյանի խոսքով՝ ևս 3 տարում նման հատկացումների շնորհիվ հնարավոր կլինի մանկապարտեզների գույքն ամբողջությամբ նորացնել։ Որպես մանկապարտեզների մշտադիտարկման կարևորագույն ուղղություն՝ քաղաքապետի տեղակալը նշել է հատկապես մատակարարվող սննդի որակը։
«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ առանձնակի ուշադրություն է դարձվում մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացին, և վերջին շրջանի խիստ ուսումնասիրությունների արդյունքում նաև մի քանի կարգապահական տույժերի ենթարկելու փաստերը առնվազն կարող ենք որակել որպես սթափության կոչեր բոլորի համար: Եվ այսօր արձանագրում ենք, որ անհամեմատ ավելի պատշաճ է կատարվում սննդի մատակարարումը մանկապարտեզներին։ Երեխաների սննդի որակի հետ կապված ամեն ինչ կանոնակարգված է»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
Կենդանաբանական այգին այս տարեշրջանին պատրաստվում է մի շարք նորույթներով. շուտով մի քանի ազատավանդակներ են շահագործման հանձնվելու, ինչպես նաև այգին համալրվելու է նոր կենդանատեսակներով։ Կենդանաբանական այգում ևս մի քանի նոր ազատավանդակների կառուցման համար մրցույթ է հայտարարվել։
«Կենդանաբանական այգում նաև ներկայացված է լինելու այգու զարգացման եռամյա ծրագիրը, թե ի՛նչ ծրագրով է առաջնորդվում Երևանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգու պարագայում»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Հունիսի մեկին բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու Կենդանաբանական այգում, Երևանի տարբեր մանկական այգիներում, Ազատության հրապարակում։
Արդեն երրորդ տարին է՝ Երևանում նշվում է Ջազի միջազգային օրը։ Այս տարի ևս ապրիլի 30-ին Կասկադում մեծ միջոցառում է կազմակերպվելու։ Արամ Սուքիասյանը նշել է, որ ջազի սիրահարներին աննախադեպ համերգ է սպասվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող կատարողների մասնակցությամբ։ Համերգը նաև հեռարձակվելու է ուղիղ եթերում։
Թեև վերջին զանգի օրը դեռ հստակ չէ, բայց քաղաքապետարանի ծրագրած բացօթյա միջոցառման վայրն ու բովանդակությունն արդեն որոշված է։
«Հույս ունեմ, որ մեր աշակերտները կնախընտրեն բացօթյա տոնական միջոցառումը և հնարավորինս կխուսափեն այլընտրաքային «ռեստորան» տարբերակից։ Կոչ եմ անում ծնողներին, մանկավարժներին՝ երեխաներին ուղղորդել Ազատության հրապարակի միջոցառմանը՝ հիրավի տոնակատարությամբ նշելու Վերջին զանգը»,- ասել է Արամ Սուքիասյանը։
Մայիսի 5-25-ը տեղի է ունենալու Երևանի երաժշտական դպրոցների ստուգատես մրցույթը, որը, ինչպես յուրաքանչյուր տարի, նախորդում է հունիսի 6-ից անցկացվող Արամ Խաչատրյանին նվիրված միջազգային փառատոնին։
Արամ Սուքիասյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող սպորտային ծրագրային միջոցառումներին. դրանք ընթանում են ժամանակացույցի համաձայն։
«Այդ միջոցառումներից ոչ բոլորն են համաքաղաքային հնչեղության։ Մենք կարևորում ենք նաև լոկալ՝ բակային պայմաններում անցկացվող մարզական, մրցութային միջոցառումները, որ այս առումով ևս հասարակությունը առավել ակտիվ լինի»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետի տեղակալը սպորտային և կրթական առումով հատկանշել է Երևանում այս տարի բացված ևս 2 շախմատի դպրոցները՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։
«Կարծում եմ, այդպիսով մեր երեխաները ևս մեկ միջավայր ունեն՝ տրամաբանական այս խաղին մասնակից լինելով իրենց ավելի բարեկիրթ դրսևորելու»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ Ոստիկանության և ՀՀ սոցապ նախարարության հետ։ Արամ Սուքիասյանը համագործակցությունն արդյունավետ է գնահատում։ Ոլորտին անդրադառնալով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանում շատացել են որդեգրման հայտ ներկայացնեղ ընտանիքները։ Օրինակ, անցած եռամսյակում արդեն 6 երեխա է որդեգրվել։
Այս տարի ևս օգոստոսին անցկացվելու է «Երևանյան ամառ» տարբեր ոլորտների միջոցառումներ ընդգրկող ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ» ծրագրի մշակութային ենթածրագրով, ի թիվս այլ նախաձեռնությունների, մեկ ամիս շարունակ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին 3 թանգարաններ և մի շարք թատրոններ անվճար այցելելու հնարավորություն է ընձեռելու։
Նմանատիպ նյութեր
3363 դիտում
17:32 14-08-2015
Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին և հյուրերին հրավիրում է Ազատության հրապարակ
1432 դիտում
22:00 19-08-2024
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրին
2074 դիտում
22:39 22-05-2015
Դպրոցական վերջին զանգին նվիրված գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակում
Այս բաժնից
472 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
505 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
1060 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)