35 տարի բեմում. Արուս Գուլանյանը պատրաստ է նվաճել նոր բեմեր.տեսանյութ
Հանդիսատեսին ներկայացնելուց ու բեմ բարձրանալուց առաջ ամեն ինչ պետք է կատարյալ լինի: Սանրվածք, հանդերձանք ու կեցված` տիկին Գուլանյանը իր սաներից յուրաքանչյուրին` վերջին խորհուրդներն է տալիս ու ճանապարհում բեմ: Ինքը վերջում:
Բեմում ոչ ոք չպետք է անտրամադիր լինի, էներգետիկան, որ փոխանցվում է հանդիսատեսին, պետք է միայն դրական լինի:
«Նազանի» անսամբլի աղջիկներն են, տիկին Գուլանյանի սաները: Իր հիմնադրած «Նազանի» անսամբլն արդեն 10-ը տարեկան է: Տիկին Գուլանյանը նայում է սաներին` հիշում իր երիտասարդությունն ու նույնիսկ մանկությունը: 5-6 տարեկանից բեմում է:
Արուս Գուլանյանը Արցախյան ազատամարտի ժամանակ իր երգով ոգևորել է ազատամարտիկներին: Ստեղծագործական մեծ կենսագրություն ունի, հիմա հիանում է իր տաղանդավոր սաների հաջողություններով:
Հիշելու շատ բան կա` Արուս Գուլանյանը 35 տարի բեմում է: Ներկայացնում է հայկական ժողովրդական աշուղական երաժշտությունը: Կուլիսային իրարանցումից հետո վարպետը բարձրանում է բեմ:
24 կատարում` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, աշուղական-ազգագրական կատարումներ, ժողովրդական երգ ու ասմունք: Դահլիճում է նաև առաջին տիկինը` Ռիտա Սարգսյանը:
Սուսաննա Շահինյանը վստահեցնում է` «Երաժշտական փոստարկղ»-ը պարբերաբար ստանում է նամակներ` Արուս Գուլանյանի կատարումները լսել ցանկացողների պակաս չկա: Հայկական ժողովրդական երաժշտությունը սիրում են ու լսում:
Սիրել հայկական ժողովրդական և աշուղական երգարվեստը, սա «Նազանի» անսամբլի ու Արուս Գուլանյանի ցանկություն է: Նրանք պատրաստ են նվաճել նոր բեմեր:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25791]armnewstv.am [/url]