211652_close_icon

Հովհաննես Հալաջյանից պահանջում են թողնել եկեղեցին, հանձնել կնիքն ու փաստաթղթերը. Հրապարակ

views-count6392 դիտում article-date 10:22 01-04-2014
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվեց հայկական բողոքական եկեղեցին, ավելի շուտ, այդ եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես Հալաջյանը: Այս եկեղեցին վերջին մեկ տարում սիրիահայերին մարդասիրական օգնություն էր ցուցաբերում՝ ստանում էր արտասահմանյան բարեգործներից գումարներ և բաժանում էր դրանք Հայաստանում գտնվող մոտ 160 սիրիահայ փախստականների: Այս բարեգործական գումարները, մեր տեղեկություններով, մեկ տարում շուրջ 40 հազար դոլար են կազմել: Սակայն փետրվար ամսին ամերիկյան բարեգործը՝ Մայք Յուսսեֆյանը, ով հավաքում էր սիրիահայերի համար գումարները և ուղարկում էր բողոքական եկեղեցուն, Երևանից տեղեկություն է ստացել այն մասին, որ փողն ընդամենը մի երկու ամիս է բաժանվել սիրիահայերին, իսկ հետո օգնության տրամադրումը պարզապես դադարեցվել է: Երևանյան աղբյուրը բարերարին հայտնել է նաև, որ Հովհաննես Հալաջյանը կեղծ հաշվետվություն է ներկայացրել իրեն, որ նա մի քանի անգամ պատճենահանել է օգնություն ստացած սիրիահայերի առաջին ամսվա ցուցակը և ուղարկել է այն իբրև նոր գումարների բաժանման ապացույց: Սակայն իրականում հաջորդ ամիսներին նա փող չի բաժանել, իսկ ստացված միջոցները յուրացրել է: Ամերիկյան բարեգործը նամակ է գրել սփյուռքի նախարարություն, նաև ՀՀ դատախազություն, խնդրելով պարզել իրողությունը, և եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել հոգևոր հովվին: Բանը հասնում է նրան, որ Հալաջյանից պահանջում են թողնել եկեղեցին, հանձնել կնիքն ու փաստաթղթերը, սակայն վերջինս չի ենթարկվում այս հրահանգին, վստահեցնելով, որ իրեն զրպարտել են»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր