211652_close_icon
views-count1728 դիտում article-date 18:36 31-03-2014

ՄԻՊ-ի զեկույցը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հանրապետությունում բնակչության ֆիզիկական դաստիարակության գործի և մարզիկների պատրաստման նկատմամբ կազմակերպական-մեթոդական ղեկավարումը, մշակում է քաղաքականությունը սպորտի և երիտասարդության բնագավառում, իրականացնում է սպորտի և երիտասարդության ոլորտի քարոզչությունը և այլն: 2013 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցված ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն` ոչ սպառիչ: Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները • Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին: • Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ: • Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե¬տա¬կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները: • Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար: • Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Արձանագրված դրական զարգացումները • ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում: • Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը: • 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ: Ընդհանուր վերլուծություն Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքների չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին: Պաշտպանին հասցեագրվել են բողոքներ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքնե¬րի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ: Հարկավոր է նշել, որ Նախարարությունը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Մարզաբնակ երիտա¬սարդ ընտանիքների սո¬ցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով բիզնես վար¬կերի տրա¬մադրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Սակայն 2013 թվականի ընթացքում Նախարարության կողմից չեն իրականացվել բավարար թվով համալիր միջոցառումներ` իրավիճակը բարելավելու նպատակով: Մարզերում երիտասարդների համար չեն կազմակերպվել և անցկացվել տեղեկատվական և/կամ ժամանցի բավարար քանակի միջոցառումներ: Տարբերակված մոտեցում է դրսևորվել մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներին Նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ու մասնակցությունը ապահովելու ուղղությամբ: Ինչպես նաև բավարար չափով չի ընդարձակվել համագործակցությունը տարբեր երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ: Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ: Նախարարության աշխատանքը երիտասարդական քաղաքականության ոլորտում միտված է, ի թիվս այլ գործողությունների, երիտասարդների զբաղվածության ապահովման և աշխատատեղերի ստեղծմանը, սակայն այս ուղղությամբ Նախարարության կողմից ձեռնարկված միջոցները սակավաթիվ են եղել, և երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում շարունակում է մնալ չլուծված: Յուրաքանչյուր տարի Նախարարության կողմից իրականացվում են միջոցառումներ՝ ուղղված երիտասարդների զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, երիտասարդների մասնագի¬տա¬կան կողմնորոշմանը նպաստելուն, ինչպես նաև բիզնես սկսելու և վարելու հմտությունների զարգացմանը: Մասնավորապես, երիտասարդության շրջանում զբաղվածության խնդիրների դրական զարգացման ուղղությամբ Նախարարության կողմից 2013 թվականի ընթացքում իրականացվել է ընդամենը մեկ միջոցառում` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացված «Աշխատանքի տոնավաճառ» ծրագրի շրջանակներում: Այնինչ, նման միջոցառումների անցկացման կարիքը զգացվում է հանրապետության բոլոր մարզերում և համայնքներում: Նշված միջոցառումները նաև պետք է կրեն շարունակական բնույթ` հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունը: Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե¬տա¬կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երտասարդներ ընտանիքների ընտրության չափանիշները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պե¬տա¬կան նպատակային ծրագիրը: 2013 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ վերաֆինանսավորվել է. 1336 վարկ` 10,025.4 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 647 վարկ 5,876.2 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 689 վարկ 4,149.2 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում: Այդ թվում 2011 թվականի ընթացքում վերաֆինանսավորվել է 469 վարկ` 3,435 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, 2012 թվականին` 355 վարկ` 2,622.7 միլիարդ ՀՀ դրամ և 2013 թվականին` 1011 վարկ` 7,598.7 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Սակայն, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, քաղաքացիների կողմից խնդիր է բարձրացվել վերոնշյալ ծրագրի գործընթացի թափանցիկության բացակայության և առկա չարաշահումների վերաբերյալ: Հատկապես խնդրահարույց են նաև այդ գործընթացի ընթացքում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները և դրանց նպաստող հանգամանքները: Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար: Հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալական ներգրավվածության ապահովման ուղղությամբ Նախարարության կողմից իրականացվում են համապատասխան ծրագրեր, ինչը բխում է նաև ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության միջոցառումների ծրագրից: Մասնավորապես, 2013թ. իրականացվել են «Բաց աչքերով», «Զբաղվածության աջակցություն սահմանափակ կարողություններով երիտասարդներին», «Տեղեկատվության իրավունք», «Հոդված 30» ծրագրերը։ Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականին հիմնադրվել է Պարաօլիմպիկ կոմիտեն: Հաշմանդամների համար ստեղծված այս մրցույթը զարգացած է Հայաստանում, և մարզիկները գրանցել են բազում հաջողություններ: Այդուհանդերձ, բացակայում է անհրաժեշտ ֆինանսավորում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգրավելու համար և հատկապես, մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելը: Հաշմանդամություն ունեցող անձանց համար չի հարմարեցվել մարզակառույցների մուտքն ու ելքը: 2013 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9.000.000 դրամ մարզական միջոցառումներ անցկացնելու համար, ինչպես նաև «2013 թվականին Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային (սուրդլիմպիկ խաղեր) մասնակցության ապահովում» ծրագրով՝ 7.948.800 (յոթ միլիոն ինը հարյուր քառասունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ է տրամադրվել սուրդլիմպիկ խաղերին մասնակցության ապահովման համար: Չնայած ոլորտում կատարված որոշակի հատկացումներին, պետության կողմից բավարար չափով չեն ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը և հաշմանդամություն ունեցող ան¬ձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձների բարձրացման ուղղությամբ: Նախարարությունը համաձայն «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, որպես ոլորտի լիազոր մարմին, պարտավոր է կազմակերպել մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների, մանկավարժների և այլն) պատրաստումը և վերապատրաստումը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Ինչը վկայում է այն բանի մասին, որ Նախարարությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է կազմակերպեր մանկապատանեկան սպորտի բնագավառի բոլոր մասնագետների (մարզիչների, մանկավարժների և այլն) պատրաստումը և վերապատրաստումը: Օրենսդիրը, նման իրավադրույթ ամրագրելով, լայն պարտավորություն է սահմանել Նախարարության համար, սակայն վերջինս այն պատշաճ կերպ չի կատարել: 2013 թվականին լուծում չեն ստացել բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների աշխատակազմերի աշխատավարձերի և հավելավճարների վճարման հետ կապված խնդիրները: 2013 թվականին ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների ռազմավարական զարգացման և նրանցում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի և հավելավճարների վճարման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Սակայն, բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների ռազմավարական զարգացման և նրանցում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային աշխատավարձերի և հավելավճարների վճարման խնդիրների լուծմանն ուղղված էական բարեփոխումներ Նախարարության կողմից չեն իրականացվել: Միևնույն ժամանակ մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 2-ի № 02/14.3/18425-13 գրությամբ հանձնարարել է հայեցակարգով առաջարկվող ծրագրերի ֆինանսավորման հարցերը սահմանված կարգով ներկայացնել և քննարկել ՀՀ 2015-2017 թթ. ՄԺԾԾ-ի մշակման շրջանակներում, այսինքն՝ նշվածը կարող է հանգեցնել նշված խնդիրների լուծման ձգձգմանը: Մտահոգիչ է նաև բակերի, մասնավորապես` ֆուտբոլային դաշտերի, խաղահրապարակների կառուցապատման խնդիրը: Խնդիրը Երևանում գրեթե լուծվել է, այնուամենայնիվ, այն շարունակում է արդիական մնալ ՀՀ մարզերում: Այսպես, համաձայն Նախարարության գրության՝ 2013 թվականի ընթացքում կառուցվել և շահագործման են հանձնվել նոր մարզական բակեր: Սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ մարզական բակեր կառուցվել և շահագործման են հանձնվել ՀՀ մարզերից միայն մի քանիսում, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում: Անհրաժեշտ է, որպեսզի Նախարարությունը, որպես պատասխանատու գերատեսչություն, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակի քաղաքականություն` ուղղված վերոնշյալ խնդրի լուծմանը, ինչպես նաև հետևողական լինի ֆուտբոլային դաշտերով և խաղահրապարակներով համալրված բակերի պահպանման նկատմամբ, ինչը սպորտի զարգացման էական խթան կհանդիսանա հանրապետությունում: Առաջարկություններ • Հստակ միջոցներ ձեռնարկել ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքնե¬րի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ: • Նախաձեռնել քայլեր երիտասարդների համար զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման խնդիրը գործնականում լուծելու համար՝ միաժամանակ հանրությանը իրազեկելով Զբաղվածության մասին ՀՀ օրենքի կարգավորումների վերաբերյալ: • Սահմանել հսկողություն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի գործընթացի թափանցիկության վերաբերյալ՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով չարաշահումների վերհանման ուղղությամբ: • Ձեռնարկել միջոցներ հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքը ակտիվացնելու, վերջիններիս սպորտային կյանքին ներգրավելու և մարզիկներին պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու հնարավորություն տրամադրելու համար: • Իրականացնել բարեփոխումներ՝ ուղղված բյուջետային մանկապատանեկան մարզադպրոցների աշխատակազմերի դրույքաչափերի և հավելավճարների վճարման հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև օրենքով սահմանված մարզիչների վերապատրաստման պահանջը ապահովելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր