2124 դիտում
21:59 29-03-2014
Դատավորի կիրակի
Այս կիրակին, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Դատավորի կիրակին է: Օրն իր անունը ստացել է Տեր Հիսուսի պատմած առակից, որը հաղորդում է Ղուկաս Ավետարանիչը. մի դատավոր կար՝ անպատկառ ու անարդար, և կար մի այրի կին, որի դատը դատավորը չէր տեսնում: Մի օր դատավորը, հոգնած կնոջ հարատև պաղատանքից, որոշում է արդարությունը վերականգնել (տե՛ս Ղուկ. 18:1-5):
Տերն այս առակը պատմեց՝ ուսուցանելու համար, որ շատ հնարավոր է` մեր աղոթքների պատասխանը շատ արագ չերևա, շատ հնարավոր է, որ նույնիսկ մեր ցանկությունները չիրագործվեն, սակայն հավատացյալները «… ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան (Ղուկ. 18:1)»:
Դատավորը, որ ծայրահեղ բացասական կերպար է, ի վերջո լսում է այրու խոսքը, որովհետև այրին անդրդվելի ու համառ հետապնդում էր նրան: Եվ Տերը մատնացույց է անում մի բաղդատություն. դատավորը ոչ մի ցանկություն և շահագրգռվածություն չուներ այրուն օգնելու համար, իսկ Աստված, որ լրիվ հակադիր է այս դատավորին, որ մեզնից շատ է ուզում մեր բարօրությունը և մեր երջանկությունը, անպայման կլսի մեր աղոթքները ու կօգնի մեզ: Աստված երբեք չի ուշացնում, այդ մենք ենք շտապում: Եվ սակայն չի էլ կարելի կարծել, թե մեր ամեն մի ցանկություն անպայման կատարվելու է. Ամերիկայում մի հայկական համայնք է լինում, որը մեծ շուքով ամեն տարի նշում է Ամանորը: Մի անգամ ժողովուրդը տեսնում է, որ ձյուն չի գալու, խնդրում է քահանային, որպեսզի միասնական աղոթք անեն և Աստծուց ձյուն խնդրեն: Աղոթքն անում են, սակայն ձյունն այդպես էլ չի գալիս: Առավոտյան քահանան տեսնում է, որ մի փոքրիկ աղջնակ ուրախ-ուրախ թռչկոտում ու պարում է տոնածառի շուրջը և զարմացած հարցնում. «Մեր աղոթքը չլսվեց, մեր տոնը կիսատ ու անշուք եղավ, դու ինչո՞ւ ես այդքան ուրախ»: Աղջիկը պատասխանում է.«Իմ աղոթքը լսվել է. երբ դուք բոլորդ աղոթում էիք, որ ձյուն գա, ես աղոթում էի, որ չգա, որովհետև դեռ տաք կոշիկներ չունեմ»: Եվ հասկանում է քահանան, որ Աստված նախ հոգում է կարևորի մասին, ապա նոր՝ ժամանցի ու հաճույքի: Եվ այս դեպքերը ոչ միայն չխանգարեցին թե՛ քահանային և թե՛ փոքրիկին ու ողջ համայնքին միշտ աղոթել, այլև ավելի իմաստնացրին ամենքին էլ:
Վերջապես, Տեր Հիսուսն այս առակը եզրափակում է բավական հոռետեսական մի հարցով. «…իսկ երբ մարդու Որդին գա, արդեոք երկրի վրայ հավատ կգտնի՞(Ղուկ.18:8)»:
Մենք՝ քրիստոնյաներս, Քրիստոսի ուսուցանածի համաձայն հավատում ենք, որ երկրորդ անգամ գալու է Աստծո Որդին` Տեր Հիսուս Քրիստոսը` աշխարհը դատելու, յուրայիններին հրավիրելու Երկնքի Արքայություն՝ ասելով. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. (Մտթ.25:34)»: Այլև` անիրավներին ու անարժաններին, հեռու վանելու իրենից, որն էլ հենց դժոխքն է, Գեհենի կրակն ու հավիտենական տանջանքը:Եվ Տերը հենց այս ժամանակի մասին է հարցնում:
Մինչ այդ բոլոր մարդիկս անցնում ենք մի փորձաշրջան` ցույց տալով մեր սերն ու հավատարմությունը Աստծո և մարդկանց նկատմամբ: Իսկ այս սերը չի կարող լինել առանց աղոթքի, առանց Տիրոջը օգնության կանչելու, առանց Նրա անմիջական աջակցության: Որեմն, եկե՛ք միասնաբար ու հարատև աղոթենք Տիրոջը, որ երբ Նա գա, մեզ գտնի աղոթող, հավատարիմ ու հավիտենական սիրով տոգորված: Եվ կմխիթարի մեզ Աստված իր սուրբ գրկում: Ում և` փառք, իսկ մեզ խաղաղություն, հավիտյանս. ամե՛ն:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին