211652_close_icon
views-count1612 դիտում article-date 19:24 28-03-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Քուվեյթի համալսարանի ռեկտորին

Մարտի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Լատիֆ Ահմադ ալ-Բադրի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Հանդիպման սկզբում ԵՊՀ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակության անդամներին, ապա անդրադարձավ Քուվեյթի համալսարանի ձեռքբերումներին, ինչպես նաև այցի ընթացքում Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ, ուրախություն հայտնեց ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև ձևավորված փոխգործակցության համար: Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանի անկախության հռչակումից հետո գիտության ու կրթության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված գործակցային հարաբերությունների առիթով` այդ կապերի ամրապնդման գործում կարևորելով նաև հայ համայնքի դերակատարությունը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերություններին` մասնավոր երախտագիտություն հայտնելով Քուվեյթի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի զավակների նկատմամբ արաբ ժողովրդի կողմից ցուցաբերված զորակցության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց նաև Հայ Եկեղեցու հոգևոր կրթական հաստատությունները` ընդգծելով, որ Գևորգյան հոգևոր ճեմարանը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան տարբեր համալսարանների հետ: Նորին Սրբությունը հավելեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում իսլամական կրթական հաստատությունների հետ կապեր հաստատելու ուղղությամբ, ինչը կնպաստի նաև կրոնական երկխոսության զարգացմանը: Զրույցի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Քուվեյթը շարունակի առաջադիմել խաղաղության պայմաններում և Աստծո օրհնությամբ բարին առատանա մարդկային կյանքում:

Նմանատիպ նյութեր