1060 դիտում
19:54 26-03-2014
Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները։ Առիթն անցած շաբաթ նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերն էին։
«Ակնհայտ է, որ Գյումրու ծննդատանը կառավարման ոչ արդյունավետ համակարգ ունենք։ Թե՛ այստեղ, թե՛ Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում ծավալված է 30-ական մահճակալ։ Սակայն առաջինում եթե 100-ից ավելի բուժաշխատող ունեն, ապա երկրորդում` 32։ Երկու տարի առաջ իրականացված վերանորոգումից հետո Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում նաև ծննունդներ են ընդունում։ Ու քանի որ այտեղ շատ ավելի լավ պայմաններ են, կանայք նախընտրում են այս հիվանդանոցը։ Մենք արհեստականորեն չենք կարող լուծարել որևէ բուժհիմնարկ և ոչ էլ կանանց ուղղորդել այս կամ այն ծննդատուն։ Առկա խնդիրները երկու օր առաջ հանգամանորեն քննարկել ենք ինձ մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր խնդրին պետք է շատ ավելի ընդգրկուն լուծում տանք»,- նշեց Դերենիկ Դումանյանը` հանձնարարելով նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին մանրամասն ուսումնասիրել, թե Գյումրին հիվանդանոցային և պոլիկլինիկական ինչպիսի և ինչ ծավալների ծառայությունների կարիք ունի։ Նախարարն առաջարկեց ուսումնասիրել նաև մասնավոր բուժհաստատությունների կողմից իրականացվող բժշկական ծառայությունները։
«Գյումրու փորձով այնուհետև կանդրադառնանք այլ մարզերում և խոշոր քաղաքներում բժշկական ծառայությունների օպտիմալ կառուցվածք ունենալուն։ Սրանով մենք կօգնենք նաև մասնավոր ներդրողներին։ Եթե որևէ մեկը ցանկանա այս կամ այն քաղաքում որևէ ծառայություն կազմակերպել, ապա նրան կկարողանանք ճիշտ ուղղորդել»,-ասաց նախարարը։
Շիրակի մարզի շտապօգնության ծառայության խնդիրների քննարկման ժամանակ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց վերանայել ողջ հանրապետության գյուղական բնակավայրերում այդ ծառայության անխափան կազմակերպման նպատակով կատարված քարտեզագրումը։
Մարզպետարանների առողջապահության պատասխանատուներին նախարարը հանձնարարեց մշտական հսկողություն սահմանել դեպի Երևան ուղեգրումների նկատմամբ։ Նաև հանձնարարեց տեղի հիվանդանոցների ղեկավարներին խստորեն զգուշացնել, որ պետական պատվերով բուժվող հիվանդներին պարտադիր իրազեկման թերթիկներ տրամադրվեն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս, նախարարին զեկուցեցին մարզերում կանանց առողջության պահպանման միամսյակի արդյունքները։
Նմանատիպ նյութեր
8939 դիտում
13:15 18-06-2015
Դորտմունդի «Բորուսիայի» օպտիմալ կազմը հաջորդ մրցաշրջանում. Sport1.de
450 դիտում
10:37 01-06-2022
Կգտնվի՞ օպտիմալ փոխզիջումը․ «Առավոտ»
Այս բաժնից
706 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին