1395 դիտում
18:11 26-03-2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Մարտի 26-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները ողջունեցին Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Երեւանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց քննարկել կառավարության հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարեւորեց կրթական համակարգում ազատ մրցակցության ապահովումը: Պատգամավորը դրական գնահատեց կառավարության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրականացրած քայլերը միջին մասնագիտական համակարգի որակի բարելավման ուղղությամբ: Արամ Մանուկյանը առաջարկեց միջին մասնագիտական կրթություն ստացածներին հնարավորություն տալ ընդունվելու հեռակա համակարգ: Խմբակցության քարտուղարը նշեց, որ այս առաջարկի ընդունումից է կախված ՀԱԿ խմբակցության քվեարկությունը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձավ պատգամավորների հարցադրումներին եւ տվեց պարզաբանումներ: Հիմնական զեկուցողը համաձայնեց ելույթներում հնչած այն տեսակետի հետ, որ ՀՀ-ում պետք է խթանել մասնագիտական կրթության զարգացումը: Նախարարը պատրաստակամություն հայտնեց քննարկելու առաջարկները առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հարցի առնչությամբ կազմակերպել խորհրդարանական լսումներ, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը եւ կքննարկվեն բարձրացված հարցերը:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած կրթության ոլորտին վերաբերող մեկ այլ օրենսդարական փաթեթ: «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ նախագծերի ընդունումը կապահովի ՀՀ հասարակության սոցիալական տարբեր խմբերի համար բարձր առաջադիմության հենքի վրա կրթության մատչելիությունը, ինչպես նաեւ կկարգավորի տարբեր բուհերի կողմից ձեւավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերը: Արդյունքում նաեւ կբարձրանա ուսանողների ուսման առաջադիմությունը, կներդրվեն ֆինանսական նոր մեխանիզմներ եւ կհստակեցվեն ձեւավորվող ուսման վարձերի առավելագույն շեմերը:
Արմեն Աշոտյանը նաեւ պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ներկայացված փաթեթի դրույթներին, կրթական համակարգում ուսման վարձավճարներին, ուսումնական ծրագրերի վերահսկողությանը եւ այլն:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը: Պատգամավորը կարծում է, որ փաթեթի ընդունումը կմեղմի ուսանողների սոցիալական վիճակը, կխթանի առաջադիմությունը, ինչպես նաեւ կստեղծի հավասար մրցակցային պայմաններ սոցիալական միեւնույն խմբերի ուսանողների համար:
Քննարկվող փաթեթի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Արամ Մանուկյանը: Դրական գնահատելով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը՝ Վահրամ Բաղդասարյանը հանդես եկավ առաջարկներով, որոնք կնպաստեն ոլորտի բարելավմանը: Արամ Մանուկյանի կարծիքով՝ պետության կողմից ուսման վարձերի առավելագույն շեմերի սահմանումը չպետք է վերաբերի մասնավոր բուհերին:
Հարցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի մարտի 27-ի ԱԺ նիստում:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին