211652_close_icon
views-count2159 դիտում article-date 15:19 14-07-2019

Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Հուլիսի 14-ին Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Վլադիմիր Վարդանյանը: Համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Արցախի Հանրապետության Ընտրական օրենսգրքի քննարկումը: Բացելով նիստը՝ ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ողջունել է համատեղ նիստի կազմակերպումը՝ ընդգծելով երկրի համար կարևոր իրավաքաղաքական փաստաթղթի՝ ընտրական օրենսգրքի շուրջ տարբեր ձևաչափերով կազմակերպված քննարկումների անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը բացման խոսքում կարևորել է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև գործնական կապերի նշանակությունը և պատրաստակամություն հայտնել՝ անցկացնելու արդյունավետ քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ: ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է երկու հանձնաժողովների համատեղ նիստը՝ ընդգծելով, որ սրանով գործնականում դրսևորվում է խորհրդարանների միջև համագործակցությունը, որը փոխադարձ օգտակար է օրենսդրական փորձի փոխանակման տեսնակյունից: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները կազմակերպվել են՝ ապահովելով լայն մասնակցություն ինչպես Արցախի արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով ԱՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարտ Դանիելյանը անդրադարձել է նաև խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին և պատասխանել երկու խորհրդարանների պատգամավորների առաջադրած հարցերին: Համատեղ նիստի արդյունքները ամփոփվել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանի և Վլադիմիր Վարդանյանի ճեպազրույցի ընթացքում:

Նմանատիպ նյութեր