211652_close_icon
views-count1751 դիտում article-date 21:26 24-03-2014

Տուբերկուլյո՞զն էլ են «խոպանչիները» բերում. տեսանյութ

Համախմբել ջանքերն ու վերացնել տուբերկուլյոզը մինչեւ 2050 թվականը. Առողջապահության համաշխարհային կազմակերպության այսօրվա կարգախոսն է: Տուբերկուլյոզից ազատ աշխարհ եւ մահվան զրո դեպք այդ հիվանդությունից. սա է ոլորտի կազմակերպիչների հիմնական նպատակը: Սակայն մինչեւ 2050 թվականը դեռ ժամանակ կա եւ այդ ընթացքում շարունակվում են տուբերկուլյոզի ախտորոշման եւ բուժման աշխատանքները: Մեր երկրում այս խնդրով մարդկանց ինտենսիվ բուժումն իրականացվում է հակատուբերկուլյոզային դիսպանսեր հաստատություններում, որոնցից կենտրոնականը Հանրապետական դիսպանսերն է` Աբովյան քաղաքում: Դիսպանսերի բակում փշատերեւ ծառեր են, արդեն զգացվում է դրանց յուրահատուկ հոտը, որը, ինչպես ժողովուրդն է, ասում` լավ է տուբերկուլյոզով մարդկանց համար: Ընդունված տեսակետը հաստատում են նաեւ մասնագետները: Հանրապետական տուբդիսպանսերում Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն աշխատանքային է, ինչպես միշտ: Հիվանդներն այստեղ բուժվում են մի քանի բաժանմունքերում, հատուկ հակատուբերկուլյոզային դեղորայքով: Այս տարվա մարտի 1-ի տվյալներով` դեղորայքակայուն տուբերկուլյոզով 261 հիվանդ է գտնվում բուժման մեջ: Տուբդիսպանսերում նշում են, որ հիվանդության շատ դեպքեր արձանագրվում են հատկապես Նոր տարուց առաջ, երբ տարբեր երկրներից տուն են վերադառնում արտագնա աշխատանքի գնացած մարդիկ` իրենց հետ բերելով հիվանդությունների փունջ, այդ թվում եւ տուբերկուլյոզ: Բայց ընդհանուր առմամբ, տուբերկուլյոզի նոր դեպքերը նվազել են: Օրինակ 2011թ-ին գրանցվել է 1247 դեպք, 2013-ին` 1055: Համապատասխանաբար, իջել է նաեւ այս հիվանդությունից մահացության ցուցանիշը: Վերջին տարիներին դիսպանսերը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով, այդ թվում` ռենտգեն սարքավորումներով: Յուրի Մխիթարյանը գրեթե 3 տասնամյակ այստեղ է աշխատում, գիտի հիմնարկի ու հիվանդների հետ կապված բոլոր մանրամասները: Հանրապետական տուբդիսպանսերից քիչ հեռու, նույն տարածքում է գտնվում նաեւ Տուբերկուլյոզի ախտորոշման ռեֆերենս լաբորատորիան: Այստեղ են հաստատվում կամ մերժվում տուբերկուլյոզի մասին բոլոր կասկածները: Լաբորատորիայում առանձնացված են անձնակազմի եւ հիվանդերի մուտքերը, այստեղ ամեն ինչ գերստերիլ պայմաններում է արվում: Լաբորատորիան տեխնիկապես հագեցել է «Գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ: Բժիշկները հիշեցնում են, որ տուբերկուլյոզը վարակիչ, բայց բուժելի հիվանդություն է, որի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի եւ չփորձել ինքնաբուժում իրականացնել` ավելի բարդացնելով իրավիճակը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24797]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր