1847 դիտում
16:12 24-03-2014
Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի բուժման
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։
Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ ցուցասրահում ներկայացված նկարները չեն մնա պատից կախված, կգտնվեն մարդիկ, ովքեր, գնելով արվեստի գործերը, իրենց ներդրումը կունենան Կարեն Մկրտչյանի բուժման գործում։ «Բարեգործական այս նախաձեռնությանը միացել են բազմաթիվ երիտասարդներ և ուսանողական կառույցներ։ Այս օրերի ընթացքում հանգանակություններ կլինեն նաև տարբեր ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների կողմից։ Ողջունելի նախաձեռնություն է, ինչը գալիս է ապացուցելու մեկ բան. երիտասարդությունն անտարբեր չէ և կարեկից է մարդկանց ծանր պահերին։ Ուսանողությունը բոլոր սոցիալական ծրագրերի կողքին է, և առանց նրանց՝ շատ դժվար կլինի իրականացնել ցանկացած սոցիալական ծրագիր»,- ասաց Կարեն Ավագյանը։
Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված է շուրջ 40 նկար. դրանց արժեքը սկսում է 20 հազար դրամից։ «Յուրաքանչյուր ստեղծագործողի համար իր աշխատանքը շատ մեծ արժեք ունի, բայց քանի որ ակցիան բարեգործական է, հեղինակները որոշել են մատչելի գներ սահմանել, որպեսզի հնարավորինս շատ նկար վաճառվի»,- ասաց ուսխորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ ներկայացված են նաև անվանի նկարիչների ստեղծագործություններ։
Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ, որ բուհի ուսանողները բարեգործական ցուցահանդես, դրամահավաք են կազմակերպում. «Սա ինքնաբուխ ծնված միջոցառում է։ Եթե իմանանք, որ այս նկարները գումարի տեղ կարելի է փոխհատուցել, կամ հնարավոր է տանել որևէ տեղ, և այդ երիտասարդին օգուտ տալ, ապա սիրով կտրամադրենք»։
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 27-ը, այնպես որ՝ արվեստի սիրահարներին հրավիրում ենք մատչելի գներով ձեռք բերել գեղեցիկ ստեղծագործություններ և օգնել Կարեն Մկրտչյանի բուժման խնդիրները լուծելու հարցում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7849 դիտում
19:04 09-03-2014
Դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար բարեգործական ակցիա են կատարում ուսանողները
2295 դիտում
15:00 21-03-2014
Բարեգործական միջոցառում՝ դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար