«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը նստացույց կանի՞. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Դ!եմ եմ» քաղաքացիական շարժումը մարտի 22-ին կայանալիք հանրահավաքից հետո հնարավոր է հնգօրյա նստացույց սկսի՝ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը կենսաթոշակային օրենքի «պարտադիր» բաղադրիչի վերաբերյալ: ՍԴ-ի որոշումը, հիշեցնենք, սպասվում է մարտի 28-ին:
Մեր զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ հնարավոր է նման բան կազմակերպվի. «Իհարկե, հնարավոր է նստացույց լինի,բայց առայժմ քննարկումներ են ընթանում, ոչ մի բան որոշված չէ: Տարբեր տեսակետներ կան էդ հարցում»,-նշեց Մինասյանը: Արդեն մի քանի օր «Դ!եմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում նույնպես ակտիվ քննարկումներ են ընթանում նստացույց սկսելու վերաբերյալ:
Նախաձեռնության անդամներից Սերգեյ Ղահրամանյանը մեր զրույցում հայտնեց, որ նման առաջարկներ եղել են, բայց հավանականությունը շատ քիչ է, որ նստացույց կսկսվի. «Չեմ կարծում, որ նստացույց լինի: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ նախաձեռնության անդամների մեծ մասը աշխատողներ են ու իրենք չեն կարող մի քանի օր աշխատանքի չգնալ: Ի վերջո, գործատուն մեղավոր չէ, ու այս պայքարը իր դեմ չէ, այնպես որ, կարծում եմ, որ նստացույց սկսելու հավանականությունը շատ քիչ է»,-նշեց Ղահրամանյանը:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։