211652_close_icon
views-count1665 դիտում article-date 12:07 14-03-2014

Շիրակում նշվեց Եղիշե Չարենցի 117-ամյակը

Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ այդ առիթով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էին այց Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրված Ե. Չարենցի կիսանդրու մոտ` ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ բանաստեղծին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Գյումրու Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցի աշակերտները, որոնք էլ իրենց ասմունքով շնորհավորեցին մեծանուն գրողի 117-ամյակը: Այնուհետև միջոցառումը շարունակվեց Ե. Չարենցի անվան թիվ 25 դպրոցում, որտեղ էլ ուսուցչական կազմի ջանքերով և աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել էր բեմադրություն` <<Ե. Չարենցի հավատաքննությունը>> խորագրով: Միջոցառման ավարտին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ Արտակ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման կազմակերպման և հրավերի համար։ «Այսօր շատ կարևոր է, որպեսզի աշակերտներն ու երիտասարդները քաջատեղյակ լինեն մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործությանը։ Նրանք պետք է գնահատեն ու արժևորեն մեր մշակութային և հոգևոր ժառանգությունը, լինեն այդ ժառանգության կրողը։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե նոր սերունդը հետ է վարժվել ընթերցանությունից։ Նոր սերունդը սիրում է կարդալ. այս միջոցառումն էլ դրա ապացույցն է»,- նշեց Արտակ Առաքելյանը։ Նա նաև շնորհակալագիր հանձնեց դպրոցի տնօրինությանը` հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր