211652_close_icon
views-count3645 դիտում article-date 10:01 14-03-2014

Որքա՞ն արժե ամենաթանկ դագաղը Երևանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս Հին Եգիպտոսում փարավոններն ահռելի գումարներ, մարդկային ռեսուրսներ էին ծախսում իրենց հանդերձյալ կյանքը հարմարավետ և ճոխ կազմակերպելու համար: Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը կազմակերպեց ապագայում սպասվող իր հուղարկավորության փորձերը, որպեսզի կողքից տեսնի իրադարձությունը: Հայաստանում էլ հնարավորություն կա նախապես կազմակերպելու ինքներս մեր հուղարկավորությունը, ընտրելու դագաղը, քարը և մնացածը: «Լավագույն ավանդույթները շարունակվում են». եթե առաջներում մարդիկ «երես էին տալիս» իրենց՝ բազմաթիվ լացկան կանանց վարձակալությամբ, ապա այսօր մենք կարող ենք թույլ տալ մեզ բազմաթիվ այլ նորամուծություններ, որոնք պակաս չեն շոյի մեր արդեն սառած մարմինները: Ինչպես ասում են՝ «փողին մուննաթ»: Հայաստանում, բացի Նար-Դոս փողոցում գործող խանութ-սրահներից, գործում են նաև թաղման բյուրոներ, որոնք սովորական են արտասահմանցիների համար, սակայն նոր՝ հայերիս համար: Որքա՞ն ենք մենք պատրաստ վճարել հարազատին հանդերձյալ կյանք ճանապարհելու համար: Ինչպես հարսանեկան արարողությունները, այնպես էլ հուղարկավորության կազմակերպումն ու ճոխությունը կախված է ձեր գրպանի պարունակությունից: Համեստ հաշվարկներով, ամենաէժան հուղարկավորությունը, որը կուղեկցվի առանց երաժշտության, ծաղիկների և առանց հոգեհացի, կարժենա միջինը 70-ից 100 հազար դրամ: Մեր մարմինը կդիահերձվի ընդամենը 12.500 դրամով, առանց զմռսման, և մենք ճանապարհ կընկնենք դեպի հանդերձյալ աշխարհ 25 հազար դրամանոց դագաղով, գերեզմանաքարի փոխարեն կունենանք մետաղե ցուցատախտակ: Ամենաշատը որքա՞ն կարող ենք ծախսել և ի՞նչ ճոխություններ կարող ենք մեզ թույլ տալ: Գոյություն ունեն թանկանոց դիահերձման և զմռսման տեսակներ. կախված այն բանից, թե որքան եք ցանկանում պահպանել ձեր տեսքը, գործում են գնային տարբեր սահմաններ: Դիահերձման թանկանոց ծառայությունների մեջ է մտնում ձեզ լողացնելը, գեղեցիկ հագցնելը, դիմահարդարումը, եթե ցանկություն ունեք՝ նաև մազերի ներկումը: Ամենաթանկարժեք դագաղը, որը հանդիպեցի թաղման բյուրոներից մեկում, արժեր 10 մլն դրամ: Դագաղի թանկությունը մեծապես կախված է փայտանյութից, դագաղի մեջ կարվող կտորի որակից, ձևավորումից, փորագրությունից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր