211652_close_icon
views-count2303 դիտում article-date 08:45 14-03-2014

Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեկ տարի առաջվա հայացքով նայել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նշանակում է չնկատել այն դրամատիկ փոփոխությունները, որ տեղի են ունենում տարածաշրջանում։ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումը բոլորովին ուրիշ պոտենցիալ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար և ՀՀ արտաքին քաղաքականության առաջ դնում կոնկրետ խնդիրներ։ Եթե Իրան-Արևմուտք հարաբերությունները շարունակեն ընթանալ կարգավորման ուղղությամբ, իսկ ամեն ինչ զարգանում է հենց այդ ուղղությամբ, դա նշանակում է մի շատ կարևոր բան. էներգակիրները գազը, նավթը, նավթամթերքը Իրանից հոսելու են դեպի ԵՄ։ Ընդ որում, ծավալներն այստեղ աստղաբաշխական են լինելու, և այն երկիրը, ով կարողացավ տրանզիտի դերակատարում ստանձնել միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունենալու։ Սա բացառիկ շանս է Հայաստանի համար, և որքան էլ գեղեցիկ չհնչի. Ուկրաինական ճգնաժամը մեծացնում է Հայաստանի շանսերը։ Ռուսաստանը, որ սկզբունքորեն դեմ է Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցության խորացմանը, խրվել է Ղրիմում և ըստ ամենայնի, տեսանելի ապագայում շարունակելու է խրված մնալ։ Սա մի կողմից վտանգներ է ստեղծում մեր երկրի համար, մյուս կողմից հնարավորություններ բացում։ Վտանգն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Ռուսաստանի խառը վիճակից օգտվելու և Ղարաբաղում պրովոկացիաների գնալու շանս տեսնել։ Բայց սա շանս է նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար. նրանք հնարավորություն ունեն ապացուցել, որ կարող են զսպող դեր կատարել տարածաշրջանում և թույլ չտալ Ղարաբաղի հարցի ուժային կարգավորման որևէ փորձ։ Այս իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքի ակտիվությունը հիմք է տալիս մտածել, որ ամերիկացիները հասկանում են սա, մնում է գործի դնեն կոնկրետ լծակներ։ Ինչ վերաբերվում է Հայաստանի շանսին, այո Ռուսաստանի խառը վիճակից օգտվելուվ մենք պետք է փորձենք Իրանի և ԵՄ-ի հետ Իրան-Հայաստան նոր գազամուղ կառուցելու պայմանավորվածություն ձեռք բերել, որը մեր տարածքով կանցնի Վրաստան, կհասնի սև ծով, սրանից հետո էլ ավելի հեռու։ Այս հարցում մենք կրկնակի շահագրգիռ պետք է լինենք, որովհետև եթե նման մի նախագիծ ստացվի, դա կնվազեցնի Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից, ինչը նոր հորիզոններ կբացի հայ-վրացական համագործակցության համար։ Սա լրջորեն կարող է փոխել Հայաստանի ռազմավարական դիրքը»։

Նմանատիպ նյութեր