211652_close_icon
views-count2556 դիտում article-date 10:58 19-03-2022

Ուկրաինական ճգնաժամը նոր աշխարհակարգի ձևավորման պատճառ է դառնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինական ճգնաժամն աշխարհաքաղաքական հիմնարար տեղաշարժերի է  հանգեցնում: Այն ընդգրկում է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական աշխարհակարգը: Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցներից տուժում է ոչ միայն ռուսական տնտեսությունը, այլեւ այդ երկրին հարակից եւ նրա հետ առեւտրատնտեսական սերտ կապեր ունեցող բոլոր պետությունները: Խոշոր վնասներ են կրում այնպիսի մեծ շուկաներ ունեցող պետությունները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, նաեւ՝ ԵՄ երկրները: Ռուսաստանից էական տնտեսական կախվածություն ունեցող Թուրքիան հայտարարեց, որ չի ներգրավվի ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ իր տնտեսությունը պաշտպանելու համար:

Ստեղծված իրավիճակում աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանն ուղիներ է փնտրում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքներն իր տնտեսության վրա մեղմելու համար: Օրերս հայտնի դարձավ, որ ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ Չինաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը քննարկել են անկախ միջազգային արժութային ու ֆինանսական համակարգ ստեղծելու հարցը՝ որոշելով ներդնել միասնական միջազգային արժույթ: Նոր արժույթի արժեքը կհաշվարկվի մասնակից երկրների ազգային արժույթների եւ ապրանքների գների ինդեքսի հիման վրա։ Խորհրդաժողովի մասնակիցները նաեւ պայմանավորվել են մինչեւ մարտի վերջը նախագիծը ներկայացնել քննարկման։

Ռուսաստանի դեմ դոլարով եւ եվրոյով առեւտրի արգելքը, որին չէր կարող չմիանալ Չինաստանը, էական հարված է հասցնում ՌԴ-ից նավթի գնման գործընթացին: Տուժում է նաեւ այլ ապրանքների մասով առեւտուրը, եւ ԵԱՏՄ-Չինաստան նման որոշման ընդունումն անխուսափելի էր: Ռուսաստանը նախատեսում է նաեւ պարզեցնել առեւտրային հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Երկրները դիտարկում են ռուբլիով եւ ռուփիով առեւտրային հաշվարկներին անցնելու հնարավորությունը: Հաշվարկային մեխանիզմ ստեղծելու համար, որպես հիմնական արժույթ, ցանկանում են օգտագործել չինական յուանը։ Սխեման թույլ կտա հնդիկ արտահանողներին իրենց ապրանքների համար վճարել տեղական արժույթով՝ դոլարի կամ եվրոյի փոխարեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր