211652_close_icon

Խնայեք ձեզ ու ձեր հարազատներին. Ա. Արշակյան

views-count3410 դիտում article-date 13:28 13-03-2014
Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառայության մեջ գտնվողներիս համար աշխատանքային օրվա ավարտը հարաբերական հասկացություն է, բայց երբ այն ավարտվում է առանց դժբախտ պահատարների, մահվան ելքով դեպքերի, վրաերթերի, օրը հաջողված եմ համարում: Ասել եմ ու չեմ զլանում կրկնել` յուրաքանչյուր դեպքի հիմքում քաղաքացու, թող կոպիտ չհնչի, անպատասխանատվությունն է` իր, դիմացինի, հասարակության նկատմամբ: Մի փոքր ավելի զգոնություն, ուշադրություն ու գիտակցում` քանի-քանի դեպքից հնարավոր կլիներ խուսափել: Ինչպե՞ս արդարացնել 150 կմ/ ժամ արագությամբ բանուկ փողոցով սլացող կամ կարմիր լույսի տակով փողոցը, ինչո՞ւ չէ նաեւ պողոտան մեջտեղով հատող հետիոտնի գործողությունները: Մեզանից յուրաքանչյուրը գոնե մի քանի անգամ ականատես է եղել նման դեպքի: Լրատվամիջոցներից մեկն օրերս հետաքրքրվում էր հետիոտնային խախտումների վիճակագրությամբ: Պարզաբանեցի`օրինախախտների նկատմամբ 100-ից ավելի արձանագրություն է կազմվել` 3000-ից 5000 դրամ տուգանքի չափով, բայց տուգանելով հարցը չի լուծվում: Ավելի շատ իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտություն կա: Հետիոտնը պետք է հասկանա, որ իր մեղքով կարող է ՃՏՊ-ի պատաճառ դառնալ, վրաերթի ենթարկվել: Ուսուցանողի, քարոզչի դեր չեմ ուզում ստանձնել, բայց ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր ներքին պատասխանատվության նկատմամբ ոչ թե խիստ, այլ չափազանց խիստ մոտեցում ցուցաբերի: Դժվար չէ, մեծ ճիգեր էլ պետք չէ գործադրել: Առաջնորդվենք ընդամենը սահմանված կանոններով: Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարներից տարեկան մահանում է 1.3 մլն մարդ. նրանցից 270 հազարը հետիոտն են: Եվս 20-50 մլն մարդ տարբեր տիպի վնասվածքներ է ստանում վթարների հետեւանքով: Մահվան ելքով վթարների մեծ մասը բաժին է ընկնում փոքր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին: Ամեն շաբաթ ճանապարհներին 5 հազար մարդ է մահանում. նրանք գնում են դպրոց, աշխատանքի կամ կանգառում սպասում են տրանսպորտի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են: Այնպես անենք, որ, ցանկում ներկայացված լինելու դեպքում նույնիսկ, մեր երկրի վիճակագրական թվերը շատ ցածր լինեն: Ոզում եմ հիշենք, թե որքան մարդ է զոհվում ավտովթարներից եւ որքան մարդ կարող էր ծնվել այն մարդկանցից, ովքեր զոհվել են: Խնայեք ձեզ ու ձեր հարազատներին: Անվտանգ երթեւեկություն ու հաջող աշխատանքային օր եմ մաղթում բոլորին»:

Նմանատիպ նյութեր