Գեներալներից շատերը «Արի տուն» ծրագրով մասնակից երեխաներին ամռանն իրենց տներում են պահում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք եղե՞լ են գործարարներ, ովքեր իրենց պատկանող էլիտար դատարկ տներն առաջարկած լինեն սիրիահայերին՝ որպես ժամանակավոր կացարան, ասել է. «Այո, ինչու չէ: Կարող եմ ասել, որ մեր գեներալներից շատերն ամռանը երեխաներին տանում, իրենց տներում պահում են:
Ռազմական ոստիկանության գեներալներից մեկը ոչ միայն զույգ քույրերին տարել ու իր տանը պահում էր, այլ նույնիսկ «Արի տուն» ծրագրի բոլոր երեխաներին ճաշով հյուրասիրել է:
Կառավարության բոլոր անդամներին խնդրում ենք, որ իրենց աշխատակիցներին հորդորեն՝ երեխաներին տանել և պահել իրենց տներում: Օրինակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց, «Արի տուն» ծրագրի մասնակից, մի իսպանախոս երեխա ուղարկենք իրենց տուն:
Երկու տարի առաջ մի շաբաթով վարչապետի տանը սփյուռքահայ է ապրել»: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ շատերը «Արի տուն»-ի բուն ծրագրից տեղյակ չեն և փորձում են ցեխ շպրտել»: