211652_close_icon
views-count948 դիտում article-date 17:17 10-03-2014

Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը նախ նշեց, որ աշխատանքային խմբի ստեղծումը և այս հանդիպումը համահունչ են գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ «Ռոսկոսմոսի» հետ արդեն կա համագործակցության փորձ` մատնանշելով Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման աշխատանքները: ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրեց, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները: Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Սերեդինը անդրադարձել են տիեզերական ոլորտում Հայաստանի և Ռուսատանի միջև համագործակցության` ՀՀ ձեռնարկությունների և <<Ռոսկոսմոսի>> միջև համատեղ հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցերի ևս: Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ: ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Նմանատիպ նյութեր