Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը. <<Մեր երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ: Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում>>:
Անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորել է երկու երկրների միջև անվտանգությանն առնչվող ուղղությունների զարգացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:
Ջոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Արթուր Բաղդասարյանին փոխանցել վերջինիս պաշտոնակցի ջերմ ողջույնները: Ջոու Լին նաև նշել է. <<Հայաստանը Չինաստանի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը>>:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:
Ջոու Լին տեղեկացրել է, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի և Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու և զարգացնելու համար:
Արթուր Բաղդասարյանը Ջոու Լիին խնդրել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
Արթուր Բաղդասարյանն ու Ջոու Լին անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրներին:
Կողմերը քննարկել են նաև <<Օրինաց երկիր>> կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին հրավիրել է <<Օրինաց երկիր>> կուսակցության հաջորդ համագումարին, ինչը սիրով ընդունվել է: Ջոու Լին էլ իր հերթին Չինաստան է հրավիրել <<Օրինաց երկիր>> կուսակցության ներկայացուցիչներին: