Արսեն Արշակյանը՝ ՃՈ աշխատակցի դերը կամավոր սկզբունքով քաղաքացու կողմից ստանձնելու մասին
Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այն, որ ոստիկան-քաղաքացի հարաբերության եւ փոխվստահության ձեւավորումը կարող է արդյունավետ լինել, գաղտնիք չէ: Բարեբախտաբար, մշակույթը կարծես ձեւավորվում է: Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել: Երեկ ողջ օրը ինձ իմ ծանոթները, ընկերները հարցնում էին համացանցում տեղադրված մի տեսանյութի մասին, որտեղ քաղաքացին կամավոր սկզբունքով ստանձնել էր ՃՈ աշխատակցի դերը: Այո, անշուշտ դիտել եմ տեսանյութը, կարդացել օրաթերթերից մեկում տպագրված հոդվածը: Քաղաքացին փորձել է օգտակար լինել, թեկուզ եւ իրեն ՃՈ աշխատակցի դեր վերագրելով կարգավորել երթեւեկը` մի քիչ սխալ, մի քիչ ճիշտ գրավելով վարորդների, հետիոտների ուշադրությունը:
Ուզում եմ վստահեցնել, որ Երեւանի Ճանապարհային ոստիկանությունը բարեբախտաբար կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել: Երթեւեկի կարգավորումը մեր իրավասությունն է: Տվյալ դեպքում կամավորության սկզբունքով “ՃՈ աշխատակից” դարձած երիտասարդը ճիշտ կլիներ, որ մեր աշխատանքը մեզ վստահեր` արագ զանգահարելով մեր հերթապահ հեռախոսահամարին: Խնդրանքս ու հորդորս է, եթե այդուհանդերձ որեւէ տեղ լուսացույցը չի աշխատում, երթեւեկությունը կաթվածահար է եղել, անմիջապես տեղյակ պահեք մեզ:
Մի հավելում տպագիր մամուլում տեղ գտած մտքի վերաբերյալ, թէ ՃՈ-ին այնքան էլ չի հուզում լուսացույցի անգործությունը: Պարզաբանեմ` պատկան այլ կառույցի խնդիրն է»:
Մաղթում եմ բոլորին անվտանգ երթեւեկություն ու կրկին հորդորում անհրաժեշտության դեպքում զանգահարել ՃՈ :1-77. 010522763, 098522763.