211652_close_icon
views-count27897 դիտում article-date 01:30 08-03-2014

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, շտապօգնության բրիգադներն ուշանում էին. 10 վիրավորներից 9-ին տեղափոխել են քաղաքացիները

Այսօր` մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 00:10-ի սահմաններում, նշված ճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 26 ՕՏ 715 համարանիշի և ВАЗ 21 063 մակնիշի 60 US 060 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 9 հոգի քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայրում տիրում էր քաոսային իրավիճակ, քանի որ շտապօգնության բրիգադները ուշանում էին: Քասախ գյուղի բնակիչներից 21-ամյա Հրաչ Հովսեփյանն ու 20-ամյա Մանուկ Ասատրյանը, ձորում հայտնաբերեցին վիրավոր մի աղջկա, ում օգնելով դուրս բերեցին այնտեղից և իրենց անձնական ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ մասնագիտությամբ երգիչ 35-ամյա Արթուր Սահակյանը իր կողմից վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխեց վիրավորներից 2 մանկահասակ երեխայի: Քաղաքացիները ճանապարհին ընկած հայտնաբերել են նաև զինվորական համազգեստով մի երիտասարդ տղայի, ում ուշացումով վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան, քաղաքացիների օգնությամբ տեղափոխեց նույնպես Արմենիա բժշկական կենտրոն: Քաղաքացիների օգնությամբ նույնպես հիվանդանոց տեղափոխվեցին միջին տարիքի մի կին, երիտասարդ մի աղջիկ և մի մանկահասակ աղջնակ: Վիրավորներին տեղում, քաղաքացիների հետ, օգնություն էին ցուցաբերում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ծառայության տեսուչ Աշոտ Սայադյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր Կարմիր Խաչի հարևանությամբ գտնվող վթարի վայրում պատահական վարորդներից իմանալով վթարի մասին շտապել էին այնտեղ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից մի քանի անգամ ահազանգեցին շտապ օգնություն, որ նոր բարեհաճեցին բժիշկները: Վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչները , ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր